Երեքշաբթի, 24 Ապրիլի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Կանոնադրություն

Կանոնադրություն

16.06.2011

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱԶԱՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ»
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 1.
Ընդհանուր դրույթներ

ՀՈԴՎԱԾ 1. ՀԺԱՄ կուսակցություն

1. « Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն»(կրճատ անվանումը` ՀԺԱՄ) կուսակցությունը «Ազգային Ժողովրդավարական միություն» հասարակական քաղաքական կազմակերպության առանձնացման ձևով վերակազմակերպման արդյունքում առաջացած կուսակցություն է:
2.ՀԺԱՄ կուսակցությունը ՀՀ քաղաքացիների անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական- քաղաքական միավորում է, որի գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է:
3.ՀԺԱՄ կուսակցությունն աջակցում է քաղաքացիներին նրանց քաղաքական կամքի ձևավորման և դրսևորման գործում, խթանում է նրանց մասնակցությունը հասարակական և քաղաքական միջոցառումներին, ընտրություններին և հանրաքվեներին, ներկայացնում է նրանց շահերը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:
4.ՀԺԱՄ կուսակցության իրավաբանական հասցեն է` ք.Երևան, Զաքյան 10:

ՀՈԴՎԱԾ 2. Կուսակցության իրավական հիմքը և գործունեության սկզբունքները

Կուսակցությունն իր գործունեությունը ծավալում է` հիմնվելով ՀՀ Սահմանադրության, կուսակցությունների մասին ՀՀ օրենքի, կուսակցությունների գործունեությունը կանոնակարգող օրենսդրական այլ ակտերի դրույթների վրա:
Կուսակցության գործունեությունը հիմնվում է կամավորության, իրավահավասարության, ինքնակառավարման, օրինականության և թափանցիկության սկզբունքների վրա:

ՀՈԴՎԱԾ 3. Կուսակցության տարածքային գործունեությունը

1.ՀԺԱՄ կուսակցությունը գործում է ՀՀ ամբողջ տարածքում:
2.ՀԺԱՄ կուսակցության մշտական գործող հանրապետական ղեկավար մարմինը գտնվում է Երևան քաղաքում:

ԳԼՈՒԽ 2.
Կուսակցության նպատակները, խնդիրները և իրավական կարգավիճակը

ՀՈԴՎԱԾ 4. Կուսակցության նպատակները

ՀԺԱՄ-ը ձգտում է համախմբել հանրապետության փոքր և միջին սեփականատերերին իրենց քաղաքական շահերի հիմքի վրա, ձևավորել այդ շահերին հետամուտ ազդեցիկ քաղաքական կազմակերպություն:

Կուսակցության հիմնական նպատակներն են`
1.ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ակտիվ մասնակցությունը հասարակության քաղաքական կյանքին` նրանց քաղաքական կամքի ձևավորման և արտահայտման միջոցով, մասնակցությունը հասարակական, քաղաքական միջոցառումներին, ընտրություններին և հանրաքվեներին.
2.նպաստել ՀՀ-ում քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական իրավական պետության հաստատմանը.
3.ձևավորել կուսակցության ծրագրային դրույթներին համապատասխան հասարակական կարծիք` լուսաբանելով ժողովրդավարական և ազատական բարեփոխումները.
4.կազմակերպել քաղաքացիների քաղաքական կրթվածության և դաստիարակության մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքներ.
5.ներկայացնել ՀՀ քաղաքացիների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում.
6.առաջադրել թեկնածուներ` համապետական և ինքնակառավարման մարմինների ընտրություններին.
7.աջակցել պետական քաղաքականությանը, պետական մարմինների ընդունած որոշումներին, որոնք համապատասխանում են ՀՀ քաղաքացիների մեծամասնության շահերին:

ՀՈԴՎԱԾ 5. Կուսակցության խնդիրները

ՀԺԱՄ-ը հանրապետությունում փոքր և միջին սեփականատերերին որպես գործարար մարդ կայանալու դժվարին գործում աջակցող` քաղաքական հզոր ինստիտուտ կազմավորելու խնդիր է դնում:
Առաջադրված նպատակներն իրագործելու համար կուսակցությունը հետամուտ է հետևյալ խնդիրների լուծմանը.
1.ուսումնասիրում, վերլուծում և ընդհանրացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը, կարիքներն ու տրամադրությունները, գտնում և առաջարկում է մեծամասնության շահերը ապահովող պետական մարմինների որոշումների և օրենքների նախագծերը.
2.ծավալում է լայն քարոզչական աշխատանքներ, հասարակությանը ներկայացնում է կուսակցական նպատակները, խնդիրներն ու ծրագրերը, ընթացիկ գործունեությունը.
3.կազմակերպում է նախընտրական քարոզարշավ կուսակցության թեկնածուների համար, հանրաքվեի հարցերում քարոզում է իր տեսակետը.
4.մասնակցում է բոլոր մակարդակի ընտրություններին, առաջադրում է իր թեկնածուին Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններին, իր թեկնածուներին ԱԺ ընտրություններին` ինչպես մեծամասնական, այնպես էլ համամասնական ընտրություններին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին.
5.մասնակցում է օրենսդիր և գործադիր մարմինների աշխատանքներին` օրենքով սահմանված կարգով.
6.պատրաստում է կադրեր պետական մարմիններում աշխատելու համար.
7.օժանդակում է օրենսդիր, գործադիր և տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված կուսակցության անդամներին իրենց լիազորությունների իրագործման խնդրում.
8.աջակցում է տնտեսության վերելքի, քաղաքացիների սոցիալական երաշխիքների ապահովման, կենսամակարդակի բարձրացման, իրավունքների ամրապնդման, կարգ ու կանոնի հաստատման գործին.
9.աջակցում է քաղաքացիների քաղաքական իրավունքների և ազատությունների ապահովմանը, պետական քաղաքականության իրագործմանը.
10.կազմակերպում է քաղաքացիների իրավագիտակցության և իրավական մշակույթի բարձրացմանն ու արմատավորմանը նպատակաուղղված միջոցառումներ.
11.նպաստում է երիտասարդների մասնագիտական և բարոյական կայացմանը` միտված պետական քաղաքականության վարմանը, որով ընդառաջում է հասարակության մեջ նրանց արժանի տեղ գրավելուն.
12.մասնակցում է հասարակության և պետության զարգացման ծրագրերի մշակման և իրականացման գործին.
13.աջակցում է երկրում քաղաքացիական համերաշխության ապահովմանը:

ՀՈԴՎԱԾ 6. Կուսակցության իրավունքները

Կուսակցությունն իրավունք ունի.
1.ազատորեն տեղեկություններ տարածել իր գործունեության վերաբերյալ, քարոզել իր հայացքները, նպատակներն ու խնդիրները.
2.սահմանված կարգով մասնակցել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների և ծրագրերի մշակմանը.
3.հանդես գալ առաջարկություններով` հասարակական կյանքի տարբեր հարցերի շուրջ և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնել համապատասխան առաջարկություններ.
4.պաշտպանել իր իրավունքները և ներկայացնել իր անդամների օրինական շահերը.
5.ստեղծել միավորումներ և միություններ` առանց իրավաբանական անձի ձևավորման.
6.տրամադրել միջոցներ կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումներին` կանոնադրական խնդիրների և կուսակցության նպատակների իրականացման համար.
7.կազմակերպել և անցկացնել ժողովներ, ցույցեր, հանրահավաքներ, երթեր և այլ հասարակական-քաղաքական միջոցառումներ.
8.որպես սեփականություն  ունենալ շարժական և անշարժ միջոցներ, գույք.
9.հիմնադրել զանգվածային լրատվության միջոցներ ու հրատարակչություններ.
10.իր կանոնադրությանը համապատասխան ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ, ներկայացուցչություններ, ինչպես նաև լուծարել դրանք.
11.հաստատել և պահպանել միջազգային կապեր ու շփումներ օտարերկրյա կուսակցությունների և միավորումների հետ, մտնել միջազգային միությունների ու ասոցիացիաների մեջ.
12.մասնակցել ՀՀ նախագահի, Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

ՀՈԴՎԱԾ 7. Կուսակցության պարտականությունները

1.Պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ինչպես նաև իր կանոնադրությունը, ծրագիրը և որոշումները:
2. Հրապարակել իր միջոցների օգտագործման հաշվետվությունը:
3. Վարել կազմակերպության անդամների հաշվառում:

ՀՈԴՎԱԾ 8. Կուսակցությունը իրավաբանական անձ

1.Կուսակցությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկում` հաշվարկային հաշիվ, խորհրդանիշ, բլանկ, իր անվանումով կնիք և դրոշմ:
2.Կուսակցությունն ունի սեփական գույք, դրամական միջոցներ և պատասխանատվություն է կրում իր ունեցվածքի համար:
3.Կուսակցությունը կարող է օրենքով սահմանված կարգով իր անունից իրականացնել գործունեություն, հայցով դիմել դատարան կամ լինել պատասխանող կողմ դատարանում:

ՀՈԴՎԱԾ 9. Կուսակցության գույքը

1.Կուսակցությունը ՀՀ Օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես սեփականություն, կարող է տիրապետել և տնօրինել ցանկացած գույք, որն անհրաժեշտ է նրա գործունեությունը ապահովելու համար:
2.Կուսակցության գույքի, այդ թվում նաև նրա կառուցվածքային ստորաբաժանումների, տարածքային կառույցների, ներկայացուցչությունների, այլ կառուցվածքային մարմինների գույքի սեփականատերը կուսակցությունն է:
Կուսակցության անդամները կուսակցության սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ չունեն:
3.Կուսակցության տարածքային ու տեղական կազմակերպությունները և այլ գրանցված կառուցվածքային ստորաբաժանումները կուսակցության կողմից իրենց ամրացված գույքի օպերատիվ կառավարման իրավունք ունեն, նրանք կարող են ունենալ սեփական բյուջե և հաշվեկշիռ:
4.Կուսակցության գույքը օգտագործվում է միայն կանոնադրությամբ ու ծրագրերով նախատեսված նպատակների իրագործման և խնդիրների լուծման համար:

ՀՈԴՎԱԾ 10. Կուսակցության խորհրդանիշները

1.Կուսակցությունն ունի իր խորհրդանիշները (խորհրդանշան, դրոշ և այլն): Կուսակցության խորհրդանիշը ենթակա է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման:
2.Կուսակցության խորհրդանշանը  հավասարակողմ եռանկյունի է, որի հիմքը բաժանված է 3 հավասար մասի: Եռանկյան գագաթից կողմի երկարության մեկ երրորդ հեռավորությունից տարված է հիմքին զուգահեռ հատված, որը նույնպես բաժանված է երեք հավասար մասի, որոնց բաժանման կետերը միացված են հիմքի բաժանման կետերի հետ: Եռանկյան գագաթը մինչև հիմքին զուգահեռ տարված հատվածի մասը կապույտ է, եռանկյան մնացած մասը, որը բաժանված է 3 մասի (ձախից աջ) կարմիր, կապույտ և ծիրանագույն է:
3.Կուսակցության դրոշը ուղղանկյունաձև է, որի ձախ մեկ երրորդ հատվածում տեղադրված է կուսակցության խորհրդանշանը: Դրոշի լայնության և երկարության հարաբերություններն են` 2:3: Դրոշը լայնակի բաժանված է 3 հավասար մասերի, որի վերին և ստորին եզրային հատվածները բաց կիտրոնագույն դեղին է, իսկ մեջտեղի մասը կապույտ է:

ԳԼՈՒԽ 3.
Կուսակցության անդամները և համակիրները, նրանց իրավունքները և պարտականությունները

ՀՈԴՎԱԾ 11. Կուսակցության անդամակցումը

1.ՀԺԱՄ կուսակցության անդամ կարող են լինել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք ընդունում են կուսակցության ծրագրերը և կանոնադրությունը, մուծում են անդամավճար:
2.Կուսակցությանն անդամակցելը և նրանից դուրս գալը կամավոր է և անհատական:
3.Կուսակցության անդամը չի կարող լինել այլ կուսակցության անդամ:
4.Կուսակցության անդամը հաշվառվում է միայն մեկ սկզբնական կազմակերպությունում կամ անմիջապես տարածքային կազմակերպությունում, եթե համապատասխան տարածքում տեղական կազմակերպություն չի գործում:

ՀՈԴՎԱԾ 12. Կուսակցությանն անդամագրվելու կարգը

1. Կուսակցության անդամ ընդունվում են սեփական դիմումի համաձայն, կուսակցության առնվազն երկու անդամի երաշխավորությամբ, որը ներկայացվում է սկզբնական կազմակերպություն կամ տարածքային կազմակերպություն, եթե համապատասխան բնակության վայրում տեղական կազմակերպություն չի գործում: Բացառիկ դեպքերում, երբ տվյալ տարածքում չի գործում կամ լուծարվել է տարածքային կազմակերպությունը, դիմումն ընդունում է ՀԺԱՄ վարչությունը:
2. Կուսակցության անդամ դառնալու մասին որոշումը մեկամսյա ժամկետում հաստատում է տեղական կազմակերպության մշտապես գործող ղեկավար մարմինը:
3. Կուսակցության անդամին տրվում է անդամատոմս, որը հավաստում է նրա` կուսակցությանն անդամակցելը: Կուսակցության անդամատոմսի ձևը հաստատում է կուսակցության քաղաքական խորհուրդը:

ՀՈԴՎԱԾ 13. Կուսակցությունից դուրս գալու կարգը

1. Կուսակցությունից դուրս գալու հիմքեր են հանդիսանում`
• կուսակցությունից դուրս գալու մասին գրավոր անձնական դիմումը.
• ՀՀ քաղաքացիությունից դուրս գալը.
• դատարանի կողմից անմեղսունակ ճանաչվելը.
• կուսակցությունից հեռացվելը:
2. Կուսակցության անդամը կուսակցությունից կարող է հեռացվել կուսակցության տեղական կազմակերպության խորհրդի որոշումով, որտեղ նա հաշվառման է վերցված կամ կուսակցության քաղաքական խորհրդի որոշումով: Կուսակցությունից հեռացնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում կուսակցության վերստուգիչ հանձնաժողովում:
3. Կուսակցությունից հեռացման համար հիմքեր են հանդիսանում`
• կանոնադրական պահանջների խախտումը, ինչը կուսակցությանը պատճառել է քաղաքական վնաս.
• այլ կուսակցության անդամագրվելը.
• կուսակցական աշխատանքներին մեկ տարուց ավելի չմասնակցելը.
• վերահաշվառում չանցնելը:

ՀՈԴՎԱԾ 14. Կուսակցության անդամի իրավունքները և պարտականությունները

1. Կուսակցության անդամներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ:
2. Կուսակցության անդամն իրավունք ունի`
• ընտրել և ընտրվել կուսակցության ու նրա ստորաբաժանումների բարձրագույն, մշտապես գործող ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում.
• տեղեկատվություն ստանալ կուսակցության գործունեության մասին.
• դիմել հարցերով, առաջարկներով կուսակցության ցանկացած մարմնին և ստանալ պատասխան.
• չմասնակցել կուսակցության այն որոշումների կատարմանը, որոնց կայացման փուլում, քննարկումների ընթացքում ունեցել է սկզբունքորեն այլ դիրքորոշում, եթե նա ընդգրկված չէ որևէ ղեկավար մարմիններում.
• բողոքարկել ղեկավար մարմինների որոշումները կանոնադրությամբ նախատեսված կարգով նրա վերադաս մարմիններին.
• իր գործունեության ընթացքում ստանալ կուսակցության բարոյական և իրավական աջակցությունն ու պաշտպանությունը ՀՀ օրենքների համաձայն.
• մասնակցել իր գործունեությանը վերաբերող քննարկումներին.
• դուրս գալ կուսակցությունից իր դիմումի համաձայն:
3. Կուսակցության անդամը պարտավոր է`
• մասնակցել կուսակցության գործունեությանը.
• պահպանել կանոնադրական դրույթները, սահմանված կարգով մուծել կուսակցական անդամավճար.
• կուսակցությունից դուրս չպայքարել կուսակցության քաղաքական կուրսի և ընդունած որոշումների իրականացման դեմ և չխոչընդոտել նրա գործունեությանը.
• հոգ տանել կուսակցության հասարակական ճանաչման բարձրացման և հեղինակության  համար.

• բարեխղճորեն կատարել իր վրա դրված և իր կողմից ստանձնած պարտավորությունները:

ՀՈԴՎԱԾ 15. Կուսակցության համակիրները

Կուսակցության համակիր են ճանաչվում ՀՀ քաղաքացիները, որոնք ընդունում են կուսակցության հիմնական ծրագրային դրույթները և աջակցում են կուսակցությանն` այն իրագործելու հարցերում: Կուսակցության համակիրների հաշվառումը, նրանց իրավունքները և պարտավորությունների հետ կապված դրույթները որոշվում են քաղաքական խորհրդի հաստատած կանոնակարգով:

ԳԼՈՒԽ 4.
Կուսակցության ղեկավար մարմինները

ՀՈԴՎԱԾ 16. ՀԺԱՄ Կուսակցության համագումարը

1.Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է, որը հրավիրվում է կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ ոչ ուշ, քան երկու տարին մեկ անգամ:
2.Կուսակցության արտահերթ համագումար հրավիրվում է կուսակցության քաղաքական խորհրդի որոշումով, կուսակցության վարչության որոշումով (այս դեպքերում որոշումն ընդունվում է անդամների ընդհանուր թվի մեծամասնությամբ), ինչպես նաև տեղական կազմակերպությունների 1/3-ի պահանջի առկայության դեպքում:
3.Համագումարի պատվիրակներն ընտրվում են բոլոր տեղական կազմակերպությունների կողմից, կուսակցության վարչության կողմից սահմանված քվոտաների համաձայն:
4.Քվոտաներից դուրս համագումարի պատվիրակներ են համարվում ՀԺԱՄ կուսակցության անդամ` ԱԺ պատգամավորները, ՀԺԱՄ վարչության անդամները, վերստուգիչ հանձնաժողովի անդամները, ինչպես նաև կուսակցության անդամ` ՀՀ համայնքների ընտրված ղեկավարները:
5.Համագումարն իրավազոր է, եթե ներկա են պատվիրակների ընդհանուր թվի առնվազն 2/3ը: Համագումարը որոշումներ է ընդունում ներկաների պարզ մեծամասնության քվեով (բացառությամբ կանոնադրությամբ նախատեսված դեպքերի): Համագումարն է որոշում քվեարկությունների ձևը:
6.Համագումարի բացառիկ իրավասությնն է `
• կուսակցության կանոնադրության ընդունումը, փոփոխությունները և լրացումները (որոշումը կայացվում է համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ).
• կուսակցության ծրագրի ընդունումը, փոփոխությունները և լրացումները, կուսակցության քաղաքականության հիմնական ուղղությունների որոշումը (որոշումը կայացվում է համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ).
• փակ, գաղտնի քվեարկությամբ (2տարի ժամկետով)` ՀԺԱՄ վարչության և վարչության նախագահի ընտրությունները.
• վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունը ( 2տարի ժամկետով).
• ընտրված մարմինների հաշվետվությունների քննարկումը և հաստատումը.
• ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումը ( որոշումը կայացվում է համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ).
• կուսակցությունը լուծարելու կամ վերակազմակերպելու մասին որոշումը (որոշումը կայացվում է համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ):

ՀՈԴՎԱԾ 17. ՀԺԱՄ կուսակցության քաղաքական խորհուրդը

1. Քաղաքական խորհրդի անդամներն են `  վարչության անդամները, տարածքային և տեղական կազմակերպությունների վարչությունների նախագահները:
2. Քաղաքական խորհուրդը կուսակցության մշտական գործող քաղաքական ղեկավար մարմին է:
3. Քաղաքական խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ: Քաղխորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, նրա բացակայության դեպքում` վարչության նախագահը:
4. Քաղաքական խորհուրդը`
•  ձայների ընդհանուր թվի կեսից ավելիով, փակ, գաղտնի քվեարկությամբ իր կազմից ընտրում է խորհրդի նախագահին.
• ձայների ընդհանուր թվի երկու երրորդով, փակ, գաղտնի քվերկությամբ կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները.
• հաստատում է կուսակցության բյուջեն.
• մշակում և հաստատում է կուսակցության նախընտրական ծրագիրը և այլ հիմնարար քաղաքական, գաղափարաքարոզչական նյութեր.
• կուսակցության անունից հանդես է գալիս հայտարարությամբ` ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը հասարակական- քաղաքական կյանքի առավել կարևոր խնդիրների կապակցությամբ.
• ընդունում է որոշումներ` պետական իշխանության տարբեր մակարդակների մարմինների, հասարակական և քաղաքական կազմավորումների հետ փոխհարաբերությունների վերաբերյալ.
• ընդունում է որոշում` այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կամ քաղաքական այլ միավորումներ ստեղծելու մասին.
• համալրում է համագումարի միջև` ընկած ժամանակահատվածում վարչությունում առաջացած թափուր տեղերը ոչ ավելի, քան 1/3-ի չափով.
• հաստատում է բարձրագույն հասարակական խորհրդի և կուսակցության ղեկավար մարմինների աշխատակարգը.
• հաստատում է ԱԺ պատգամավորության ցուցակը:
5.Խորհրդի նիստը իրավազոր է, եթե մասնակցում են անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

ՀՈԴՎԱԾ 18. ՀԺԱՄ կուսակցության քաղաքական խորհրդի նախագահը

ՀԺԱՄ կուսակցության քաղաքական խորհրդի նախագահը գաղտնի քվեարկությամբ, 2 տարի ժամկետով, ընտրվում է ՀԺԱՄ խորհրդի կողմից:
ՀԺԱՄ խորհրդի նախագահը`
- համակարգում է խորհրդի աշխատանքները.
- համագումարում ներկայացնում է խորհրդի կատարած աշխատանքների հաշվետվությունը.
- հանրությանն է ներկայացնում քաղաքական խորհրդի դիրքորոշումները հասարակական-քաղաքական կյանքի առավել կարևոր խնդիրների կապակցությամբ.
- խորհրդի նախագահը ժամկետից շուտ իր դիմումի համաձայն կարող է վայր դնել իր լիազորությունները:

ՀՈԴՎԱԾ 19. ՀԺԱՄ կուսակցության վարչությունը

1.ՀԺԱՄ կուսակցության վարչությունն ընտրվում է կուսակցության համագումարի կողմից` 2 տարի ժամկետով: Վարչության թվակազմը որոշում է համագումարը: Անհրաժեշտ թվակազմը չընտրվելու դեպքում քաղաքական խորհուրդը իր որոշմամբ կարող է համալրել վարչության կազմը:
2. Կուսակցության վարչությունն իրականացնում է կուսակցության գործունեության ընդհանուր քաղաքական կառավարումը` քաղաքական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում:
3. Վարչության նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան ամիսը երկու անգամ: Վարչության նիստը հրավիրում և վարում է վարչության նախագահը, նրա բացակայության դեպքում` վարչության անդամներից մեկը` նախագահի հանձնարարությամբ:
4. Կուսակցության վարչությունը`
• կուսակցության մշտական գործող քաղաքական ղեկավար մարմին է.
• ղեկավարում է ՀԺԱՄ ընթացիկ գործունեությունը և տնօրինում ՀԺԱՄ դրամական միջոցները.
• ընդունում է որոշումներ` կուսակցության գործունեությանը վերաբերվող հարցերի շուրջ, որոնք չեն մտնում համագումարի բացառիկ իրավասության մեջ.
• կարող է նշանակել կուսակցության գործունեությունը մարզերում համակարգող մարզային պատասխանատու և իր որոշմամբ ազատել նրան.
• մշակում է կուսակցության դիրքորոշումն ընթացիկ քաղաքականության կարևոր հարցերում.
• ընդունում է քաղաքական նշանակության փաստաթղթեր և կուսակցության անունից անում քաղաքական հայտարարություններ.
• լուծարում է տարածքային և տեղական կազմակերպությունները, երբ նրանց •ործունեությունը չի համապատասխանում կուսակցության վարած քաղաքականությանը, ծրագրային դրույթներին, խախտվել է կուսակցության կանոնադրության պահանջները և գրավոր զգուշացումից հետո չի շտկվել.
• անհրաժեշտության դեպքում ձևավորում է կառավարման խորհուրդ, որը ղեկավարվում է վարչության կողմից ընդունված կանոնակարգով.
• ձայների ընդհանուր թվի երկու երրորդով, փակ, գաղտնի քվերկությամբ կարող է անվստահություն հայտնել վարչության նախագահին (այս դեպքում հրավիրվում է արտահերթ համագումար).
• որոշում է կայացնում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ և հաստատում է թեկնածուների ցուցակը:
5. Վարչության նիստը իրավազոր է, եթե մասնակցում են անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
6. Վարչության որոշումով կարող է հրավիրվել վարչության ընդլայնված նիստ` տարածքային կազմակերպության և մարզային պատասխանատուների մասնակցությամբ:
7. Վարչության անդամի վարչության նիստերից երկու անընդմեջ անհարգելի բացակայության, ինչպես նաև իր վրա դրված պարտականությունները պարբերաբար չկատարելու դեպքում վարչության որոշմամբ անդամությունը դադարեցվում է և քաղաքական խորհրդի կողմից համալրվում է նոր անդամով: Այս դեպքում վարչության տվյալ անդամը կարող է որոշումը բողոքարկել քաղաքական խորհրդում:

ՀՈԴՎԱԾ 20. ՀԺԱՄ կուսակցության վարչության նախագահը

ՀԺԱՄ կուսակցության վարչության նախագահը գաղտնի քվեարկությամբ, 2 տարի ժամկետով, ընտրվում է ՀԺԱՄ կուսակցության համագումարի կողմից:
ՀԺԱՄ վարչության նախագահը`
- համակարգում է ՀԺԱՄ վարչության աշխատանքները.
- ՀԺԱՄ-ի անունից հանդես է գալիս հայտարարությամբ, վարում է բանակցություններ, կնքում պայմանագրեր, ստորագրում համաձայնագրեր և արձանագրություններ, որոնք համաձայնեցվում են վարչության հետ.
- առանց լիազորագրի ներկայացնում է կուսակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման մարմինների, քաղաքական կուսակցությունների, հասարակական մարմինների հետ հարաբերություններում.
- համագումարում ներկայացնում է վարչության կատարած աշխատանքների հաշվետվությունը.
- վարչության նախագահը ժամկետից շուտ, իր դիմումի համաձայն, կարող է վայր դնել իր լիազորությունները:

ՀՈԴՎԱԾ 21. Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովը

1. Վերստուգիչ հանձնաժողովի թվակազմը հաստատում և ընտրում է կուսակցության համագումարը` 2 տարի ժամկետով: Վերստուգիչ հանձնաժողովի անդամը կուսակցության այլ մարմիններում չի կարող զբաղեցնել ղեկավար պաշտոն:
2. Հանձնաժողովն առաջին նիստում ընտրում է հանձնաժողովի նախագահ:
3. Հանձնաժողովն իր նիստերը գումարում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան 6 ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը, կամ նրա հանձնարարությամբ անդամներից մեկը:
4. Հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե ներկա են անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումները կայացվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
5. Վերստուգիչ հանձնաժողովը`
• ընդունում է իր աշխատակարգը.
• իրականացնում է կուսակցության ֆինանսական գործունեության վերահսկողություն, կոորդինացնում է տարածքային և տեղական կազմակերպությունների վերստուգիչ հանձնաժողովների գործունեությունը, քննարկում ներկուսակցական վիճահարույց խնդիրներ.
• անցկացնում է ամենամյա ֆինանսական գործունեության ստուգումներ, կազմում է արձանագրություն և ներկայացնում կուսակցության քաղխորհրդին.
• համագումարում հանդես է գալիս հաշվետվությամբ.
• քաղխորհրդի դիմումով տալիս է եզրակացություն ` կուսակցության ղեկավար մարմինների, նրա տարածքային, տեղական կազմակերպությունների միջև ծագած վեճերի շուրջ.
• կուսակցության անդամի, ինչպես նաև կուսակցությանն անդամագրվելու ցանկություն ունեցող անձանց դիմումով քննարկվում է կուսակցությունից հեռացնելու, ընդունելությունը մերժելու օրինականությունը և եզրակացություն է ներկայացնում համապատասխան վերադաս մարմին:

ՀՈԴՎԱԾ 22. ՀԺԱՄ կուսակցության բարձրագույն հասարակական խորհուրդը

1. Բարձրագույն հասարակական խորհրդի կազմում ընտրվում են միջազգային ասպարեզում և ՀՀ-ում հեղինակություն վայելող հասարակական, քաղաքական, վաստակաշատ գործիչներ, որոնք ՀԺԱՄ համակիրներ են և այլ կուսակցության անդամ չեն: Բարձրագույն հասարակական խորհրդում ընտրվում են` ներկայացնելով գրավոր համաձայնություն:
2. Բարձրագույն հասարակական խորհուրդն ընտրվում է 2 տարի ժամկետով` ՀԺԱՄ խորհրդի կողմից, բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:
3. Իր գործունեությամբ բարձրագույն հասարակական խորհուրդը նպաստում է կուսակցության հեղինակության ամրապնդմանը և հասարակական կյանքում կուսակցության ազդեցության ուժեղացմանը:
4. Բարձրագույն հասարակական խորհրդի անդամները կարող են մասնակցել կուսակցության քաղաքական խորհրդի և վարչության նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով:
5. Բարձրագույն հասարակական խորհուրդը`
• իր կազմից ընտրում է խորհրդի խոսնակին և տեղակալներին
• հանրապետության հասարակական քաղաքական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ իր անունից հանդես է գալիս հայտարարությամբ` համաձայնացնելով ՀԺԱՄ վարչության հետ.
• կուսակցության քաղաքական խորհրդին ներկայացնում է առաջարկություն` ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու մասին.
• կուսակցության քաղաքական խորհրդին ներկայացնում է առաջարկություն ՀՀ ԱԺ ընտրություններում կուսակցության ցուցակով առաջադրվող թեկնածուների մասին.
• կուսակցության քաղաքական խորհրդին ներկայացնում է առաջարկություն այլ կուսակցությունների հետ կոալիցիա, քաղաքական համագործակցություն կամ այլ կազմավորումներ ստեղծելու վերաբերյալ:
6.Հասարակական խորհրդի գործունեության կարգը և ձևերը որոշվում է կանոնակարգով, որը հաստատում է քաղաքական խորհուրդը:

ԳԼՈՒԽ 5.
ՀԺԱՄ տարածքային կազմակերպությունը

ՀԺԱՄ տարածքային կազմակերպություններն ստեղծվում են ՀԺԱՄ քաղխորհրդի որոշմամբ, վարչատարածքային բաժանման համաձայն, ՀՀ մարզերի տարածքում:
Ամեն մարզում գործում է մեկ տարածքային կազմակերպություն, որը վերադաս է տվյալ մարզի տարածքում գործող բոլոր կազմակերպությունների համար: Այն դեպքում, երբ մարզի տարածքում դեռևս ձևավորված չէ տարածքային կազմակերպություն, ՀԺԱՄ վարչությունը նշանակում է տարածքային կազմակերպության պատասխանատու:
Տեղական կազմակերպության վարչության նախագահներն և առանձնացված սկզբնական կազմակերպությունների նախագահները ի պաշտոնե տարածքային կազմակերպության խորհրդի անդամներ են:
Տարածքային կազմակերպությունը ՀԺԱՄ վարչության կողմից կարող է լուծարվել (գրավոր զգուշացումից հետո), եթե գործունեությունը ուղղված է ՀԺԱՄ քաղաքականության դեմ, կամ հակասում է ՀԺԱՄ գաղափարախոսական սկզբունքներին և սույն կանոնադրությանը:
Տարածքային կազմակերպության ղեկավար մարմիններն են` ընդհանուր ժողովը (կոնֆերանսը), խորհուրդը, վարչությունը:

ՀՈԴՎԱԾ 23. Տարածքային կազմակերպության կոնֆերանսը

Տարածքային կազմակերպության կոնֆերանսը`
1. կազմվում է բոլոր տեղական և առանձնացված սկզբնական կազմակերպությունների պատվիրակներից, հրավիրվում է ոչ ուշ, քան տարին մեկ անգամ, արտահերթ կոնֆերանս կարող է հրավիրվել տարածքային կազմակերպության խորհրդի որոշմամբ, անդամների 1/3-ի պահանջով, ՀԺԱՄ վարչության որոշմամբ.
2. իրավասու է, եթե ներկա են պատվիրակների 2/3-ը, որոշումներն ընդունվում են գրանցված պատվիրակների պարզ մեծամասնությամբ.
3. ընդունում է ՀԺԱՄ քաղաքականությանը և գործունեությանն ուղղված միջոցառումների սեփական ծրագրեր.
4. լսում և հաստատում է տարածքային վարչության, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները.
5. քննարկում և որոշումներ է ընդունում տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններում առաջադրվող թեկնածուների և ՀԺԱՄ գործունեությանը վերաբերող տարբեր հարցերի վերաբերյալ (այս դեպքում որոշումները հաստատվում են ՀԺԱՄ վարչության կողմից).
6. ընտրում է վերստուգիչ հանձնաժողով:

ՀՈԴՎԱԾ 24. Տարածքային կազմակերպության խորհուրդը

Տարածքային կազմակերպության խորհուրդը`
1. կազմվում է տարածքային կազմակերպության վարչության բոլոր անդամներից, տեղական կազմակերպությունների վարչության նախագահներից և առանձնացված սկզբնական կազմակերպությունների նախագահներից.
2. գործում է կոնֆերանսների միջև ընկած ժամանակահատվածում, իրագործում է կոնֆերանսի ընդունած որոշումները.
3. տարածքային կազմակերպության խորհրդի նիստ հրավիրում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ անգամ.
4. նիստերը վարում է տարածքային կազմակերպության վարչության նախագահը, կամ նրա հանձնարարությամբ`, վարչության մեկ այլ անդամ.
5. անդամավճարներից գոյացած դրամական եկամուտները փոխանցում է կուսակցության հաշվարկային հաշվին: Կուսակցության վարչության որոշմամբ դրանք կարող է թողնվել տարածքային կազմակերպության վարչության տնօրինմանը:

ՀՈԴՎԱԾ 25. Տարածքային կազմակերպության վարչությունը

Տարածքային կազմակերպության վարչությունը`
1. ընտրվում է փակ, գաղտնի քվեարկությամբ, մեկ տարի ժամկետով, անհատական առաջադրման կարգով, տարածքային կազմակերպության կոնֆերանսում.
2. հանդիսանում է տարածքային կազմակերպության խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում մշտական գործող մարմին.
3. ղեկավարում է տարածքային կազմակերպության ընթացիկ գործունեությունը.
4. հրավիրում և կազմակերպում է ընդհանուր ժողով (կոնֆերանս), որոշում կոնֆերանսի պատգամավորների քվոտան.
5. բեկանում է տեղական և սկզբնական կազմակերպությունների որոշումները, եթե դրանք հակասում են սույն կանոնադրության դրույթներին.
6. տեղական և սկզբնական կազմակերպություններին տեղյակ է պահում վերադաս մարմինների ընդունած որոշումների և կազմակերպչական ընդհանուր գործունեության մասին.
7.ՀԺԱՄ վարչությանը պարբերաբար տեղյակ է պահում տեղական կազմակերպությունների ընդհանուր գործունեության, անդամների քանակի և նյութական վիճակի մասին.
8. իր կազմից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում է վարչության նախագահ:

ՀՈԴՎԱԾ 26. Տարածքային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը

1.Հանձնաժողովը թվակազմը հաստատվում և հանձնաժողովն ընտրվում է տարածքային կազմակերպության ժողովում(կոնֆերանսում) մեկ տարի ժամկետով: Հանձնաժողովի անդամը կուսակցության այլ մարմիններում չի կարող զբաղեցնել ղեկավար պաշտոն:
2.Հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե ներկա են անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումները կայացվում են ձայների մեծամասնությամբ:
3.Հանձնաժողովը տարածքային կազմակերպության շրջանակներում իրականացնում է նույն գործառույթները, ինչ կուսակցության վերստուգիչ հանձնաժողովը:

ԳԼՈՒԽ 6.
ՀԺԱՄ տեղական կազմակերպությունը

1. ՀԺԱՄ տեղական կազմակերպությունները ստեղծվում են ՀԺԱՄ վարչության որոշմամբ ՀՀ համայնքներում և Երևանի վարչական շրջաններում: Տեղական կազմակերպություններ կարող են ստեղծվել նաև միջհամայնքային համախմբման միջոցով: Այս հարցով վարչության որոշումը հաստատվում է քաղխորհրդի նիստում:
2. Ամեն համայնքում, բացառությամբ Երևանից (միջհամայնքային միավորումում), գործում է մեկ տեղական կազմակերպություն, որը վերադաս է տվյալ տարածքում գործող բոլոր սկզբնական կազմակերպությունների համար: Որոշ դեպքերում նույն համայնքում և Երևանի վարչական նույն շրջանում կարող են գործել նաև այլ տեղական կազմակերպություններ (այս դեպքում վարչության որոշումը հաստատվում է ՀԺԱՄ քաղխորհրդի կողմից): Սկզբնական կազմակերպությունների նախագահները ի պաշտոնե տեղական կազմակերպության խորհրդի անդամներ են:
3. Տեղական կազմակերպությունը ՀԺԱՄ վարչության կողմից կարող է լուծարվել (գրավոր զգուշացումից հետո), եթե նրա գործունեությունը հակասում է ՀԺԱՄ կուսակցության վարած քաղաքականությանը և սույն կանոնադրությանը:
4. Տեղական կազմակերպության ղեկավար մարմիններն են` ընդհանուր ժողովը (կոնֆերանսը), խորհուրդը, վարչությունը:

ՀՈԴՎԱԾ 27. Տեղական կազմակերպության ընդհանուր ժողովը (կոնֆերանսը)

Տեղական կազմակերպության ընդհանուր ժողովը`
1.կազմվում է տեղական կազմակերպության բոլոր սկզբնական կազմակերպությունների անդամներից (պատվիրակներից), հրավիրվում է ոչ ուշ, քան տարին մեկ անգամ, արտահերթ կարող է հրավիրվել տեղական կազմակերպության խորհրդի որոշմամբ, անդամների 1/3-ի պահանջով, ՀԺԱՄ վարչության որոշմամբ.
2. իրավասու է, եթե ներկա են անդամների (պատվիրակների) կեսից ավելին, որոշումներն ընդունվում են գրանցվածների պարզ մեծամասնությամբ.
3. ընդունում է ՀԺԱՄ տեղական կազմակերպության գործունեության ծրագիր.
4. լսում և հաստատում է տեղական կազմակերպության վարչության և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները.
5. ընդունում է որոշում տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններում թեկնածուներ առաջադրելու, տեղական կազմակերպության գործունեությանը վերաբերող այլ հարցերի մասին.
6. ընտրում է ՀԺԱՄ համագումարի և տարածքային կոնֆերանսի պատվիրակներ.
7. ընտրում է տեղական կազմակերպության վարչություն.
8 ընտրում է վերստուգիչ հանձնաժողով:

ՀՈԴՎԱԾ 28. Տեղական կազմակերպության խորհուրդը

Տեղական կազմակերպության խորհուրդը`
1. կազմվում է տեղական կազմակերպության վարչության բոլոր անդամներից և սկզբնական կազմակերպությունների նախագահներից.
2. գործում է ժողովների միջև ընկած ժամանակահատվածում, գործադրում է ժողովի ընդունած որոշումները.
3. հրավիրվում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ.
4. նիստերը վարում է տեղական կազմակերպության վարչության նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` վարչության անդամներից մեկը` նրա իսկ  հանձնարարությամբ.
5. անդամավճարներից գոյացած դրամական միջոցները փոխանցում է կուսակցության հաշվարկային հաշվին: Կուսակցության վարչության որոշմամբ այն կարող է թողնվել տեղական կազմակերպության վարչության տնօրինմանը.
6. հրավիրում է տեղական կազմակերպության ժողով (կոնֆերանս), հաստատում է սկզբնական կազմակերպությունների ձևավորման և լուծարման մասին վարչության որոշումները:

ՀՈԴՎԱԾ 29. Տեղական կազմակերպության վարչությունը

Տեղական կազմակերպության վարչությունը`
1. ընտրվում է փակ, գաղտնի քվեարկությամբ մեկ տարի ժամկետով, անհատական առաջադրման կարգով, տեղական կազմակերպության ժողովում (կոնֆերանսում).
2. հանդիսանում է խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, մշտական գործող մարմին.
3. ղեկավարում է տեղական կազմակերպության ընթացիկ գործունեությունը.
4. կազմակերպում է վերադաս մարմինների որոշումների կատարումը և տեղական կազմակերպության ժողովի (կոնֆերանս) նախապատրաստական աշխատանքները.
5. բեկանում է սկզբնական կազմակերպությունների որոշումները, եթե դրանք հակասում են սույն կանոնադրության դրույթներին, որոշումով ստեղծում և լուծարում է սկզբնական կազմակերպություններ.
6. սկզբնական կազմակերպություններին տեղյակ է պահում վերադաս մարմինների ընդունած որոշումների և ընդհանուր գործունեության մասին.
7. ՀԺԱՄ վարչությանը պարբերաբար տեղյակ է պահում սկզբնական կազմակերպությունների ընդհանուր գործունեության, անդամների քանակի և նյութական վիճակի մասին.
8. կատարում է ընդունելություն և հաշվառում.
9. հաշվառում է կուսակցության համակիրներին և կազմակերպում աշխատանքներ նրանց հետ.
10. տնօրինում է տեղական կազմակերպության գույքը և միջոցները:

ՀՈԴՎԱԾ 30. Տեղական կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը

1. Հանձնաժողովի թվակազմը հաստատվում,ապա հանձնաժողովն ընտրվում է տարածքային կազմակերպության ժողովում (կոնֆերանսում), մեկ տարի ժամկետով: Հանձնաժողովի անդամը կուսակցության այլ մարմիններում չի կարող զբաղեցնել ղեկավար պաշտոն:
2. Հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե ներկա են անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումները կայացվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
3. Հանձնաժողովը տեղական կազմակերպության շրջանակներում իրականացնում է նույն գործառույթները, ինչ կուսակցության վերստուգիչ հանձնաժողովը:

ՀՈԴՎԱԾ 31. Սկզբնական կազմակերպությունը

1. Կուսակցությունում կարող են ստեղծվել սկզբնական կազմակերպություններ, որոնք միավորում են առնվազն երեք անդամների ըստ բնակության վայրի:
2. Սկզբնական կազմակերպություն ստեղծելու որոշումը ընդունում է տեղական կազմակերպության վարչությունը և հաստատում խորհուրդը:
3. Սկզբնական կազմակերպությունները գտնվում են տվյալ տարածքի տեղական կազմակերպության կազմում:
4. Կուսակցության բոլոր սկզբնական կազմակերպությունները գործում են կուսակցության քաղխորհրդի հաստատած միասնական կանոնակարգի համաձայն, որով սահմանվում են սկզբնական կազմակերպության գործունեության ձևերն ու մեթոդները, նրանց ստեղծման և լուծարման կարգը:

ԳԼՈՒԽ 7.
ՀԺԱՄ կուսակցության կանոնադրության մեջ
փոփոխություններ կատարելը և կուսակցության գործունեության
դադարեցումը

ՀՈԴՎԱԾ 32. ՀԺԱՄ կուսակցության կանոնադրությունում փոփոխություն և լրացում կատարելը

1. Կուսակցության կանոնադրությունում փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշումը ընդունվում է կուսակցության համագումարի կողմից` պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
2. Կուսակցության կանոնադրության փոփոխությունները և լրացումները ենթակա է սահմանված կարգով պետական գրանցման:

ՀՈԴՎԱԾ 33. Կուսակցության գործունեության արգելումը

1. Կուսակցության գործունեությունը կարող է արգելվել օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարանի որոշմամբ:
2. Կուսակցության գործունեության արգելման հարց կարող է առաջանալ միայն օրենքով սահմանված հիմքերով:

ՀՈԴՎԱԾ 34. Կուսակցության վերակազմակերպումը և լուծարումը

1. Կուսակցությունը կարող է իր համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ և օրենքով սահմանված կարգով վերակազմակերպվել (միաձուլվել, միանալ, բաժանվել, առանձնանալ):
2. Կուսակցության վերակազմակերպման դեպքում նրա իրավունքները և պարտականությունները անցնում են իրավահաջորդ կուսակցությանը:
3. Կուսակցությունը կարող է դադարեցնել իր գործունեությունը կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշումով:
4. Կուսակցությունը ենթակա է լուծարման նաև օրենքով սահմանված հիմքերով և սահմանված կարգով:
5. Կուսակցության լուծարումից հետո մնացած գույքն ու միջոցները տնօրինվում են օրենքով սահմանված կարգով:

 


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6