Երեքշաբթի, 23 Հոկտեմբերի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Վերլուծություններ

Վճարիր ավելին քան կարող ես, կամ կրթություն հայկական ձևով

17.09.2011

Մեր օրերում հաճախ կարելի է լսել Հայաստանը գիտելիքահեն պետություն դարձնելու մասին արտահայտությունները: Մոտեցում, որը մշտապես հաստատվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության կողմից: Այս դիրքորոշումը համահունչ է ժամանակակից աշխարհի պահանջներին:
Ներկայիս զարգացած պետությունների զգալի մասը աչքի են ընկնում գիտելիքի արտադրությամբ և դրա միջոցով տնտեսության առաջընթացով: Միջազգային փորձում օրինակելի նմուշներ համարվող Գերմանիան և Ճապոնիան, Երկրորդ աշխարհամարտի կործանարար պարտությունից հետո իրենց թռիչքային զարգացման հիմքում դրեցին ճկուն և արդյունավետ կրթական մոդելներ: Ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ պայմանները` խթանելու պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի զարգացմանը: Մինչև վերջերս, Գերմանիայի ողջ տարածքում բարձրագույն կրթությունն անվճար էր: Այժմ ընդամենը երկրի հինգ շրջաններում է բարձրագույն կրթությունը վճարովի:
Արդյոք մենք կարողանում ենք այսօր ապահովել բավարար պայմաններ մեր երկրում գիտական առաջընթացի համար: Հայաստանում գիտության առաջընթացը էապես կապված է բարձրակարգ համալսարանների առկայության հետ, որոնք հագեցած կլինեն անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով, որակյալ և ժամանակակից լսարաններով, բարձրակարգ դասախոսական կազմով և այլն: Էական հանգամանքներից է նաև կրթության մատչելիությունը: Ներկայիս պայմաններում այն եթե ոչ գլխավոր, ապա առաջնային պայմաններից մեկն է ոլորտի զարգացման համար: Վճարովի բարձրագույն կրթության համակարգը ներդրվեց դեռ 1990-ական թ.թ.` համահունչ չլինելով երկրի սոցիալական դրությանն ու ուսանողների վճարունակությանը : Այսօր, իրավիճակն էապես չի տարբերվում նախկինից:
Ներկայումս, Հայաստանի Հանրապետության պետական ԲՈւՀ-երում ուսման վճարները տատանվում են միջինը 800-1000ԱՄՆ դոլլարի սահմաններում: Համեմատության համար նշենք, որ Գերմանիայի վճարովի համալսարաններում ուսման վճարը կազմում է 1000եվրո, իսկ երկրի մեծ մասում բարձրագույն կրթությունն անվճար է, Բելգիայում ուսման վճարները տանանվում են միջինը 400-700եվրո, Ավստրիայում 700եվրո, Պորտուգալիայում 300եվրո, Փարիզի 2-րդ համալսարանում միջինը 500եվրո, Լիոնի համալսարանում 450եվրո:
Ելնելով այս վիճակագրությունից` առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ միջազգային գների համեմատությամբ Հայաստանում ուսման վճարներ էապես բարձր չեն: Սակայն եթե մենք դիտարկում ենք վերոնշյալ երկրների կենսամակարդակը, միջին աշխատավարձը, նվազագույն սպառողական զամբյուղի չափը և համեմատում այն Հայաստանում առկա ցուցանիշների հետ, ապա ակնհայտ է դառնում, որ մեզ մոտ գիտելիք ստանալու գինն անհամեմատ բարձր է: Բացի այդ, թվարկված երկրներում ուսանողը գրեթե նույնչափ վճարի դիմաց ստանում է առավել որակյալ կրթություն, շնորհիվ համալսարանների զարգացած նյութատեխնիկական բազայի և կրթական նոր տեխնոլոգիաների, իսկ սովորողների աշխատանքային հեռանկարներն այստեղ Հայաստանի համեմատությամբ անհամեմատ հուսադրող են: Պետք է նշել, որ ԱՊՀ երկրների մեծ մասում բարձրագույն կրթության վճարները երկրի կենսամակարդակի համեմատությամբ բարձր են: Սա մի կողմից այս երկրների սոցիալ-տնտեսական ցածր զարգացվածության հետևանք է, մյուս կողմից` պայմանավորված է այն հանգամանքով, որ այս երկրները չունեն կրթության զարգացման ճկուն ռազմավարություն:
Իհարկե, մատչելի կրթությունը դեռևս չի ենթադրում որակյալ կրթություն: Սակայն այն երկրները, որոնք սեփական զարգացման հիմքում ցանկանում են դնել գիտելիքը և կրթությունը, պետք է կրթական քաղաքականությունը իրականացնեն պետության սոցիալական իրավիճակին համահունչ: Դեռևս 2009թ. դրությամբ Հայաստանում շուրջ 108 000 ընտանիք պետության կողմից ստացել է աղքատության ընտանեկան նպաստ(միջինը 23 000դրամ): Նույն այս ընտանիքների անդամ հանդիսացող բազմաթիվ ուսանողներից պետությունը պահանջում է տարեկան 800-1000ԱՄՆ դոլլար ուսման վճար: Նմանատիպ հակասություններից խուսափելու համար, պետությունը իր կրթական քաղաքականությունը իրականացնելիս պետք է հաշվի առնի այս իրողությունը և նպաստառու ընտանիքների ուսանողների համար սահմանի անվճար կրթություն : Տարեցտարի աճող ուսման գները ավելի են խորացնում երկրի սոցիալական ճգնաժամը: Համալսարանների տեխնիկական հագեցվածության մակարդակը շարունակում է մնալ շատ ցածր: Դասախոսական կազմի վարձատրությունը առանձնապես չի բարելավվում` մնալով անմխիթար վիճակում:
Վերջերս, ՙՀանուն հայության հարատևման՚ շարժման անդամ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կազմակերպված ստորագրահավաքը այս իրավիճակի տրամաբանական արձագանքն է: Մասնավորապես, շարժման ակտիվիստները հանդես են գալիս երկու պահանջով` կրճատել պետական ԲՈւՀ-երի ուսման վճարները 30%-ով և ուսանողների համար սահմանել 50% զեղչ բոլոր տրանսպորտային միջոցներից օգտվելու համար(բացի տաքսի ծառայություններից): Հատկապես այն որոշումից հետո, երբ մարզերից ժամանող տրանսպորտային միջոցների կայանման վայրերը տեղափոխվեցին երևանի քաղաքամերձ ավտոկայաններ, շրջանների ուսանողությունը բավականին տուժեց: Այժմ ուսանողները ստիպված են փոխել երկու կամ նույնիսկ երեք տրանսպորտային միջոց` համալսարաններ հասնելու համար: Արդյունքում, ուսանողը վճարում է գրեթե կրկնակի գումար և ժամանակ: Այս իրավիճակը հանգեցրել է մեծ դժգոհությունների, որոնց ապացույցը կարճ ժամանակում ՙՀանուն հայության հարատևման՚ շարժման ակտիվիստների կողմից հավաքված ավելի քան 15 000 ստորագրություններն են: Ստորագրահավաքը դեռևս շարունակվում է, և համապատասխան վերլուծություններից հետո կներկայացվի կառավարությանը:
Բացի ուսման վճարների կրճատումից, ոլորտի բարելավմանը կարող է նպաստել նաև պետության կողմից կրթաթոշակների ճկուն համակարգի ներդրումը, ինչպես նաև կրթության պետական վարկավորման կազմակերպումը: Նիդեռլանդներում, որտեղ ուսման վճարի միջին գինը կազմում է 6000եվրո, պետությունը բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներն տրամադրում է մինչև 5000եվրո կրթաթոշակ, որը նա կարող է մարել հետագա աշխատանքի ընթացքում: Չեխիայում, որտեղ միայն վերջերս է ներդրվել բարձրագույն կրթության վճարովի համակարգը(միջինը700-1500եվրո), ուսանողը կրթության համար վճարում է ավարտելուց հետո` աշխատավարձից տոկոսներ վճարելով պետությանը:
Միջազգային փորձի ներդրումը և դրա համադրումը տեղական առանձնահատկությունների հետ, պետության կողմից ճկուն կրթական և սոցիալական քաղաքականության իրականացումը կարող են նպաստել Հայաստանում գիտության զարգացմանն ու մարդկային ռեսուրսի արդյունավետ օգտագործմանը: Քանզի եթե մենք մարդուն դիտարկում ենք իբրև մեր երկրի գլխավոր ռեսուրս, ապա պետությունը պարտավոր է այդ ռեսուրսի կայացման համար ներդնել բոլոր հնարավոր և անհնար միջոցները` իրականացնելով այնպիսի քաղաքականություն, որը կնպաստի մարդու բազմակողմանի կատարելագործմանը: Ելնելով այս սկզբունքից` Հայաստանի կրթական օրակարգում պետք է դրված լինի էական մի հարց. ՙԻնչպիսի մարդ ենք մենք ցանկանում կերտել՚: Այս օրակարգային հարցի տրամաբանական շարունակությունը կբերի համապատասխան հասարակության կառուցմանը, ուստի գիտելիքահեն հասարակության ստեղծումը պետք է դիտվի իբրև խորը գիտակցված անհրաժեշտություն, ավելին` քաղաքակրթական անհրաժեշտություն: Ժամանակակից աշխարհի կողմից հայությանը նետված մարտահրավերի պատասխանը, աշխարհի մակարդակով բարձր ինտելեկտուալ կարողությունների տիրապետող, զարգացած հայ քաղաքացին է: Այս հարցը կարևոր է ինչպես քաղաքակրթական, մշակութային, այնպես էլ զուտ տնտեսական նկատառումներով:

Հայկ Կոնջորյան
ՀԺԱՄ երիտասարդական թևի նախագահ
Երիտասարդական խորհրդարանի անդամ
Հոդվածը հրատարակվել է 2011թ. սեպտեմբերի 9-ին «Իրատես դե ֆակտո» թերթում

 


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6