ԽՈՍՏՈՒՄՆԵՐ
Վերլուծություններ |
Սահմանդարական, թե՞ իրական ինքնիշխանություն
«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: ՀՀ սահմանադրության առաջին հոդվածով կարծես սահմանվում են այն հիմնադրույթները, որոնց վրա պետք է կառուցվի և զարգանա պետությունը: Սակայն հաճախ, ցանկալի և գործող իրականությունները արմատապես տարբերվում են միմյանցից: Իսկ ցանկալին իրական դարձնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հասնել ցանկալիի անհրաժեշտության գիտակցմանը: Այսինքն, ցանկալին պետք է դառնա անհրաժեշտություն, և այն էլ` գիտակցված անհրաժեշտություն: Նման անհրաժեշտությունը նախ և առաջ պետք է արմատանա պետության վերնախավի գիտակցության մեջ: Խոսքը թե´ քաղաքական, թե´ տնտեսական, թե´ մշակութային վերնախավի մասին է: Այնուհետև, վերնախավի միջոցով այն պետք է տարածվի հասարակության մյուս շերտերի շրջանակներում: Սա այն տրամաբանական ճանապարհն է, որի միջոցով դարեր շարունակ ծագել և տարածվել են գրեթե բոլոր գաղափարախոսությունները: Որքանո՞վ են այսօր ժողովրդավարությունը, իրավական պետությունը, օրենքները և նմանատիպ արժեքները արմատացած մեր պետության վերնախավի և հասարակության մյուս հատվածի մոտ: Արդյոք մենք ցանկանում ենք ապրել նմանատիպ արժեքներ կրող պետության մեջ և արդյոք պատրաստ ենք:
Որքանո՞վ է Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն: Ո՞րն է հայկական ինքնիշխանության երաշխիքը: Ինքնիշխանությունը ամեն ինչից զատ, նախ հոգեբանական երևույթ է: Ինքնիշխան է այն պետությունը, որտեղ ապրում են այդպիսի գիտակցություն կրող մարդիկ:
1990-ական թվականներին խորհրդային կարոտախտի առաջին ալիքի ժամանակ մի ուշագրավ կենցաղային դրվագ անընդհատ զարմացնում էր ինձ: Ավագ սերնդի մի մասը, սեփական ժամացույցի սլաքները ճշգրտում էր ռուսական լուրերի ժամացույցով: Մոսկվայի ժամը ավելի հեղինակավոր էր, քան Երևանինը: Օտարի իշխանության գերագնահատումը մեր գիտակցության մեջ նվաստացնում է սեփական իշխանությունը: Եթե օտարի ժամը հեղինակավոր է մեր ժամից, օտարի օրենքները մեր օրենքներից, օտարի նախագահը մեր նախագահից, ապա դա ուղղակիորեն ազդում է մեր ինքնագնահատականի վրա: Նմանատիպ ածանցվածությունը տարածվում է կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա: Սա է պատճառներից մեկը, որ մինչ այժմ, մենք սովոր ենք մեր պետության գործերի մասին դատողություններ կատարել որևէ գերտերության հնարավոր միջամտության դիտանկյունից: Պետականության բացակայության պայմաններում հայ ժողովուրդը մշտապես սեփական փրկչի դերում տեսել է օտարներին: Այսպիսի մտածողությունը արմատացած է նաև ներկա սերուդների գիտակցության մեջ: Սա մեր ինքնիշխանության ամենամեծ թշնամին է:
Սակայն եթե խոսում ենք պետության ինքնիշխանության մասին, ապա այն պետք է դիտարկել երկկողմանի հարթության մեջ, որտեղ հավասարաչափ բաժնեմաս ունեն և իշխողները և իշխվողները: Հակառակ դեպքում, չի կարող խոսք լինել պետության ինքնիշխանության մասին` իբրև ընդհանրական գաղափար: Ժամանակակից ժողովրդավարական հասարակություններին բնորոշ գծերից մեկը հասարակության բոլոր խավերի միջև ճկուն և կարգավորված հարաբերություններն են, որոնք միտված են ապահովելու համընդհանուր բարեկեցություն և համընդհանուր կարգ: Եթե հասարակությունը օտարվում է իշխանություններից տնտեսապես , գաղափարապես, ապա այն կարող է օտարվել իշխանություններից ընդհանրապես բոլոր հարթություններում: Այսպիսի իրավիճակը կարող է բերել նրան, որ ինչ որ պահի հասարակությունն ամբողջությամբ, կամ նրա տարբեր հատվածները առաձնին-առանձին, սկսում են չզգալ իշխանության կարիքը, իսկ ավելի կոնկրետ` այդ պահին գործող իշխանության կարիքը: Այս դեպքում հասարակությունը փնտրում է մեկ այլ իշխանության, որը կապահովվի իր հիմնական պահանջները: Նմանատիպ` առավել հեղինակավոր իշխանության դերում կարող են դիտվել ինչպես տվյալ հասարակության մյուս բևեռները, այնպես էլ այլ պետություններ և ուժեր: Մեր պատմության անկախ շրջափուլերում նմանատիպ ախտեր, ցավոք, բազմաթիվ են եղել: Արքունիքը կորցրել է իշխանությունը առանձին ֆեոդալական տների նկատմամբ, կորցրել է վստահությունը ժողովրդի սրտում: Արդյունքում, ժողովուրդը հաճախ հովանավորություն է փնտրել առանձին իշխանների կողմից: Իշխանության և ժողովրդի, իշխանության և վերնախավի մի հատվածի միջև հարաբերությունների խզումը, հանգեցրել է համընդհանուր կարգի խարխլմանը, որը հանդիսանում է ինքնիշխանության կարևորագույն տարրերից մեկը: Արդյունքում, թե ժողովուրդը, և թե վերնախավի մի մասը, աջակցություն է փնտրել օտար պետությունների և իշխանությունների կողմից: Հայկական անկախ պետություններում գրեթե միշտ, ինքնիշխանությունը նախ և առաջ կախված է եղել երկրի ներքին կայունությունից և ապա`արտաքին գործոններից: Զինված ուժերը, օտար երկրների հետ հարաբերությունները, ընդամենը ածանցվում են պետության ներքին կայունությունից` հանդիսանալով ինքնիշխանության կարևոր ատրիբուտներ: Սակայն, եթե պետության ներսում չկա փոխադարձ պատասխանատվություն իշխանության և հասարակության միջև, ապա խախտվում են նրանց միջև դերային հարաբերությունները: Իշխանությունները օտարվում են հասարակությունից, չեն տիրապետում նրանց հիմնական պահանջմունքներին, կորցնում են հանրության ներսում ընթացող խմորումների նկատմամբ վերահսկողությունը: Հաճախ իշխանական ինքնաբավ այս շրջանակի մեջ ընդգրկվում են թե´իշխանական վերնախավը, թե´ընդդիմությունը: Հասարկությունն իր հերթին դառնում է առավել խոցելի տարբեր տեսակ ուժերի համար: Եթե ժամանակին այդ ուժերի դերում օտար պետություններն էին, ապա այժմ այդ դերը ստանձնել են նույն այդ պետությունների կողմից հովանավորվող տարատեսակ ֆինանսական կառույցներ, աղանդավորական կազմակերպություններ և այլն : Այժմ, խախտվում է ոչ միայն պետության քաղաքական ինքնիշխանությունը, այլև մշակութային, կրոնական, տնտեսական, գաղափարախոսական ինքնիշխանությունը: Եթե նախկինում ինքնիշխանության վտանգները գալիս էին դրսի անմիջական ազդեցությունից, ապա այժմ, այդ ազդեցությունը փոխակերպվել է ներքին ազդեցության: Օրինակ, կրոնական տեսանկոյւնից, խորհրդային ժամանակաշրջանի համեմատ, ներկայումս հայ առաքելական եկեղեցու դիրքերը բավականին ամրապնդվել են: Հասարակության մեջ այդ փոփոխությունն ակնհայտ է: Սակայն տասնյակ աղանդավորական կազմակերպություններ իրենց կողմն են գրավում եկեղեցու բազամահազար հետևորդների: Արդյունքում վիճարկվում է մեր կրոնական ինքնիշխանությւոնը: Ներկայիս մշակութային բազմազանությունն ու դրա անմիջական ազդեցությունը հայ իրականության վրա ավելի է լղոզում սեփականի և օտարի սահմանները: Նվազում է սեփականի ճանաչողության և գիտակցման աստիճանը: Հետևաբար, խարխլվում է մշակութային ինքնիշխանությունը: Երևույթների նման ընթացքը բերում է նրան, որ մոտենում են իշխանության և անիշխանության սահմանները, իսկ պետության ինքնիշխանության մասին խոսելը դառնում է ավելորդ:
Հայկ Կոնջորյան
ՀԺԱՄ երիտասարդական թևի նախագահ
Երիտասարդական խորհրդարանի անդամ