Երեքշաբթի, 23 Հոկտեմբերի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Վերլուծություններ

Դեմոկրատիան փոխել է իր ձևը, բայց ոչ բովանդակությունը

17.09.2011

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

21-րդ դարում լայն տարածում գտած, նոր աշխարհակարգի գաղափարական հիմքը կազմող և աշխարհին բացառապես արևմտյան ենթատեքստով ներկայացվող «ժողովրդավարություն» եզրույթի ծագումնաբանությունն աղերսվում է Հին Հունաստանի պատմության հետ: Ժողովրդավարության կայացման առաջնային պայմաններից էին հասարակական ինքնակառավարման կազմակերպումը, որոշումների կոլեկտիվ ընդունումն ու իրագործումը: Ժողովրդավարության դասական մոդելի հետ են առնչվում, օրինակ, օստրակիզմն ու ատիմիան: Ատիմիան բառացիորեն թարգմանվում է որպես «պատվազրկում»: Այսինքն, ժողովրդի ընտրած խորհուրդը «պատվից զրկում» էր բարոյականության նորմերը խախտած, մարտադաշտից փախուստի դիմած կամ ազգային սովորույթների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած քաղաքացուն: Արդյունքում վերջինս զրկվում էր ժողովրդական խորհրդում ելույթ ունենալու, պետական պաշտոն զբաղեցնելու, բանակում ծառայելու և օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքներից: Իսկ օստրակիզմը ենթադրում էր ժողովրդի ներկայացուցիչների կողմից կավի կտորների օգնությամբ իրականացված քվեարկություն, որի արդյունքում «հասարակության համար վտանգ ներկայացնող քաղաքացին» լքում էր Հունաստանի սահմանները առնվազն տասը տարով: Մարդկային հարաբերություններում գերիշխող էին հավասարությունն ու արդարությունը:
Հին Հունաստանի պատմության ուսումնասիրությունը թողնելով ոլորտի մասնագետներին` ակամայից մտաբերեցինք տասնյակ մարդկանց անուններ, ում, առանց հապաղելու, կարելի է «պատվազրկելով» «հեռացնել» Հայաստանի Հանրապետության սահմաններից: Սակայն, ցավոք, օստրակիզմն ու ատիմիան մնացել են վաղ անցյալում, իսկ արդի գիտատեխնիկական զարգացման պայմաններում չեն պահպանվել կավի կտորներն այնպես, ինչպես արդար մարդկային հարաբերությունները: Ժամանակակից տեխնիկայով հագեցած աշխատասենյակներում և գրասենյակներում բոլորովին այլ կերպ են պատժվում անձնական շահը հասարակականից վեր դասած մարդիկ, սակայն դժվար թե բանակում չծառայելը պատվազրկություն համարի 21-րդ դարի հայ մարդը: Անշուշտ, փոխվել են ժամանակներն ու արժեքները, դեմոկրատիան էլ փոխել է իր ձևը, բայց ոչ բովանդակությունը: Այն շահարկվում է ամեն քայլափոխի յուրաքանչյուրի կողմից:
Դեմոկրատական արժեքների տարածման և ամրապնդման գլխավոր քաղաքական ինստիտուտը` Ազգային ժողովը, ջանք ու եռանդ չի խնայում և իր արգասաբեր աշխատանքի արդյունքում ՀՀ բնակչությանը պարգևում է բացառապես ժողովրդավար օրենքներ: Սակայն, հետաքրքիր է, ազգիս 131 «օրենսգիրներից» քանի՞սը կարող են պատասխանել հետևյալ հարցին. «Ինչ է ժողովրդավարությունը»: Երևի թե մի քանիսը միայն: Դե ի՞նչ արած, ունենք այն, ինչ ունենք:
Ավելորդ չէ հիշատակել նաև մեր բազմաչարչար կառավարող էլիտայի ներկայացուցիչներին, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով «դեմոկրատիզացիայի» են ենթարկել քաղաքը` իր բանկերով, էլիտար շենքերով և ռեստորաններով: Հերթը գյուղին դեռ չի հասել, բայց, հոգ չէ, գյուղացին էլ մի օր կճաշակի ժողովրդավարության քաղցր պտուղները: Բանվորագյուղացիական դաշինքը անցյալ հարյուրամյակի ընթացքում չարդարացրեց իրեն կոմունիզմի կառուցման ճանապարհին: Դասեր քաղելով պատմությունից` հայ քաղաքական միտքը ԽՍՀՄ փլուզումից հետո մատնանշեց քաղաքի դերն ու նշանակությունը մասնավորապես ՀՀ «դեմոկրատացման» առումով: Քաղաքի համար կենսական նշանակություն ունեն հյուսիսային պողոտաները, երկնաքերներն ու սուպերմարկետները, իսկ գյուղացին կարող է միայնակ պայքարել բնական աղետների դեմ, յոլա գնալ ավերված ճանապարհներով:
Ամենևին չենք մեղադրում հայրենի պետական գործիչներին, քանզի ոչ վաղ անցյալի կարմիր վզկապով պիոներները դժվար թե ըմբռնեն ժողովրդավարական արժեհամակարգի բովանդակությունը, գյուղացու խնդիրներն ու քաղաքացու հոգսերը: Հակառակ դեպքում անպայման կգիտակցեին, որ ժողովրդի հաշվին գիրացող օլիգարխներին պետք է բառիս բուն իմաստով մոտ չթողնել պետական կառավարմանը, չաճեցնել «քաղաքական պատուհասների», իսկ հետո մտածել, թե ինչպես ձերբազատվել նրանցից: Պետք չէ պետական կառավարման միջավայրը վերածել ցոփության ու խրախճանքների միջավայրի, որտեղ ձգտում են հայտնվել տարատեսակ միջակություններ: Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել բանակում տիրող սանձարձակությանը վերջ տալու նպատակով: Բավական է հանդուրժել «բիզնեսմեն գեներալների» առկայությունն ազգային անվտանգության երաշխավոր ուժային կառույցում, գեներալներ, ում պատճառով արատավորվում է հայ սպայի պատիվը, հայոց բանակի անունը: Թող իրենց բիզնես-պլանները կազմեն քաղաքացիական հագուստով, իսկ հայ զինվորը չսպանվի ու չխելագարվի կարգուկանոնի բացակայության պայմաններում: Ցավալի է, որ ադրբեջանցիները բառիս բուն իմաստով «որսում» են հայոց բանակի սայթաքումները` իրենց կայքերի միջոցով ողջ աշխարհին ներկայացնելով հայոց բանակում տիրող վիճակը: «Պետք» -երի ու «պետք չէ» - ների շարանը կարելի է անդադար շարունակել: Բավ է, սթափվե՛ք, պարոնայք...
Հատկապես 1985 թ. հռչակված վերակառուցման քաղաքական կուրսի տարրերի կիրառումից և արևմտյան արժեքների` ԽՍՀՄ ներթափանցումից հետո դեմոկրատիայի դրոշը ծածանում են բոլոր հետխորհրդային երկրների, այդ թվում` ՀՀ քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, ում էլ ցանկանում ենք սրտանց շնորհավորել սեպտեմբերի 15-ի` Դեմոկրատիայի միջազգային օրվա կապակցությամբ և ցանկանալ ուժ ու կորով Հայաստանի ժողովրդավարական Հանրապետությունը կործանումից փրկելու համար... 

ՀԺԱՄ երիտասարդական թև


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6