Շաբաթ, 21 Ապրիլի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Վերլուծություններ

Աղքատության դեմ մղվող պատերազմը հաղթելու համար առաջին հերթին անհրաժեշտ է դադարել ցույց տալ իբր մենք հարուստ ենք

14.10.2011

Անհայտ ժամանակ ոմն անանուն ամերիկացու կողմից հնչեցված այս խոսքերը զարմանքի տեղիք են տալիս միայն մեկ պատճառով: Հայկական մենթալիտետի մաս կազմող ցուցամոլությանը բնորոշ այս դիպուկ արտահայտությունը պետք է հնչեր մի տաղանդաշատ հայի, այլ ոչ ամերիկացու կողմից: Միանգամայն ենթադրելի է, որ տվյալ ամերիկացին ունեցել է կամ ունի հայկական արմատներ:

Իսկ այժմ ավելի լուրջ: Հոկտեմբերի 17-ը աղքատության վերացման միջազգային օրն է: Եթե հաշվի առնենք, որ ամիսներ անց տեղի են ունենալու ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ, և Հայաստանում նախընտրական կրքերը այն աստիճան բորբոքված են, որ մարդիկ գերադասում են գիշերել վրաններում, ապա հասկանալի և կանխատեսելի է աղքատության վերացմանն ուղղված զեկույցների ու վերլուծությունների բովանդակությունը:

Ինչպես միշտ հայրենական հեռուստաալիքներից կլսենք «հուսադրող թվեր»: ՀՀ նախագահի մշտազբաղ առօրյայի պայմաններում տնտեսական աճի բարձր և այդպիսով, աղքատության գոյության ցածր ցուցանիշների մասին անպայման կլսենք հանրապետության վարչապետից: Ազգային վիճակագրական ծառայության մատուցած թվերը կարող են անկաշկանդ օգտագործել ազգի բոլոր օրենսգիր ընտրյալները:

Նրանք հպարտությամբ և գոհունակ ժպիտով կազդարարեն, որ նախորդ տարիների համեմատությամբ աղքատությունը նկատելիորեն նվազել է` պարարտ հող նախապատրաստելով Համաշխարհային բանկից նոր վարկեր ստանալու, երկարաժամկետ ու կարճաժամկետ նոր ծրագրեր իրականացնելու համար: Թող խոսեն ինչքան կուզեն: Միևնույն է, նրանց մատուցած «աղոտ թվերն ու խոսքերը» անհասկանալի են թե հարուստների, թե աղքատների համար:

Իրականում, սակայն, պատկերն այլ է: Հանրապետության նախագահը բազմիցս հորդորել է քիչ խոսել և առավել ևս, ուռճացնել արտագաղթի հետ կապված տոկոսային ցուցանիշները, որոնք հարմար գործիք են դարձել ադրբեջանական քարոզչամեքենայի համար: Բայց չէ որ արտագաղթի առաջին խթանը հենց աղքատությունն է:

Հայաստանում աղքատությունը տարածված է ուսումնասիրողների կողմից ամրագրված բոլոր կետերով` տնտեսական, սոցիալ-առողջապահական, ժողովրդագրական, կրթական, քաղաքական, տարածաշրջանային-աշխարհագրական: Տնտեսական ոլորտում աղքատությունը տարածված է անաշխատունակության, ցածր աշխատավարձի, աշխատանքի ցածր արտադրողականության տեսքով, սոցիալական ոլորտում` հաշմանդամության, հիվանդությունների տարածման տեսքով, ժողովրդագրական ոլորտում` մեծ թվով արտերկիր մեկնողների, և այդպիսով, միայնակ ծնող ունեցող ընտանիքների տեսքով, կրթական ոլորտում` ոչ բավարար մասնագիտական պատրաստության, կրթության ցածր մակարդակի տեսքով, քաղաքական ոլորտում` հակամարտության գոյության, հարկադրված արտագաղթի տեսքով, իսկ տարածաշրջանային-աշխարհագրական ոլորտում առկա է հանրապետության առանձին շրջանների ոչ հավասարաչափ զարգացում, որը նույնպես նպաստում է աղքատության տարածմանը:

Թողնելով գիտական բառապաշարն ու տերմինները` հարկ է նշել, որ աղքատության հետ կապված են հացի, հագուստի, կացարանի, հոգևոր բավարարվածության խնդիրները: Վերջիններս հնարավոր է անուշադրության մատնել, սակայն հացի խնդիրը աղքատության կարևորագույն խնդիրն է և առավել արդիական, քան մյուս խնդիրները: Բևեռացված մեր հասարակությունում օրինաչափ է, որ մի ընտանիք կարող է օգտագործել միմիայն արտասահմանյան բրենդային հագուստ և սնունդ, երբ բազմաթիվ ընտանիքներ մի կերպ քարշ են տալիս գոյությունը օրավուր հաց վաստակելու նպատակով:

Տվյալ դեպքում իրականությունից կտրված հայ չինովնիկը որտեղից ընկալի աղքատության իրական բանաձևը, երբ ոչ մի անգամ բառիս բուն իմաստով չի կոտրատվել «հոտավետ երթուղայինում», խանութից չի գնել թղթից և քիմիկատներից պատրաստված էժանագին երշիկ, թանկարժեք կոշիկները չի մաշել ավերված ճանապարհներին, չի կրել Եվրոպայից Հայաստան կիլոգրամով ներկրված «նորաոճ հագուստ»:

Ի դեպ, տարբեր տրամաչափի քաղաքական գործիչների կողմից ընթացիկ տարում տրանսպորտից և մետրոյից օգտվելը շատ մոդայիկ է: ԶԼՄ-ները լուսաբանում են այդ տեղեկատվությունը, բայց կադրից ու էկրանից մշտապես դուրս են մնում վերջիններիս անվտանգության աշխատակիցների ու մանկլավիկների գործունեությունը «շեֆերի» համար ճանապարհ հարթելու և շրջապատողներին սարսափեցնելու հետ կապված:

Ինչպես կարող եք պատկերացնել, որ հայ փողկապավոր պետական գործիչը կուչ գա երթուղայինում կամ գտնվի մետրոյի գնացքում մաստակ և խաչբառ պարունակող դարակը վզին կապած մանրավաճառի կողքին: Իհարկե, նման բանն անթույլատրելի է և արդարացի:

Սակայն հայ պետական գործիչների գործունեությունից բացի անհրաժեշտ է ուսումնասիրել հայ հասարակական կյանքում տեղի ունեցող գործընթացները խնդրո առարկա թեման ավելի լավ պատկերացնելու համար: Անզեն աչքով նայում ես մայրաքաղաքով սփռված սուպերմարկետներին, սրճարաններին, ռստորաններին, ժամանցի ու հանգստյան վայրերին և նույնիսկ մի պահ մտածում` միգուցե ՀՀ ԱՎԾ մատուցած տեղեկությունները հավաստի են: Հատկապես տոնական օրերից առաջ տիրող «թալանն» ու դրա հետ կապված շարժը տեսնելով` մոռանում ես աղքատության մասին: Մարդկանց չեն վախեցնում նույնիսկ թանկացումները: Հայաստանից դուրս ապրող հայը կամ օտարերկրացին, տեսնելով այդ վիճակը, կարող են հավատալ ՀՀ տնտեսության զարգացման ցուցանիշներին, բայց հայաստանաբանակները լավ պատկերացնում են իրականությունը: Բավական է թվարկել միայն մի քանի օրինակ հայաստանյան ցուցամոլությունը ամբողջովին ընկալելու համար: Ամենապարզ օրինակը վերաբերում է բջջային հեռախոսին: Հայը պետք է ունենա չափերով մեծ և բազմաֆունկցիոնալ հեռախոս:

Ոչ պակաս հետաքրքիր է նաև բարձր տոկոսներով վարկ վերցնելը և Ամանոր նշելը: «Տարին մեկ անգամ է լինում, պետք է լավ լինի» արտահայտությունը մեկնաբանության կարիք չունի: Ցուցամոլության աբսուրդային օրինակ է տունը վաճառելը և թանկարժեք ավտոմեքենա գնելը: Առաջին հայացքից անհավատալի է, սակայն նման երևույթներ արդեն տեղ գտել են մեր հասարակությունում: Ինչ է ստացվում:

Ակամայից հիշելով մեր ենթադրյալ հայ ամերիկացի բարեկամի խոսքերը համոզվում ենք, որ մեր հասարակությունում հարստության իմիտացիա է ստեղծվում, որն ավելի է նպաստում աղքատության խորացմանը: Շատ մարդիկ պատրաստ են ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն` էլ ավելի խորացնելով համազգային դեպրեսիան:

Փաստորեն, և կառավարողները, և կառավարվողները ունեն իրենց մեղքի բաժինը ստեղծված իրավիճակում: Իրավական, սոցիալական պետություն դառնալու ճանապարհին Հայաստանը շատ խոչընդոտներ պետք է հաղթահարի, որոնցից մեկը հենց աղքատությունն է: Այդ ճանապարհին պետական գործիչներին անհրաժեշտ է քաղաքական կամք ու արիություն, իսկ շարքային քաղաքացիներին անհատական զարգացած գիտակցություն ցոփության շղարշից դուրս գալու և սթափ որոշումներ կայացնելու համար: Այդ որակներով օժտված ենք մենք` երիտասարդներս: Տարեցները երևի թե ուշացել են գնացքից: Դժվար թե նրանց օրոք այս հոդվածը կորցնի իր արդիականությունը:

ՀԺԱՄ երիտասարդական թև

աղբյուր` hraparak.am


Share |

Karen 17.10.2011
Հայ քաղաքական միտքը 20 տարի կամային հատկանիշներ չի դրսևորել և ոչ մի բնագավառում, իսկ շարքային քաղաքացիներս մշտապես տաըվել ենք նյութական մոլուցքով: Երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ:
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6