Երեքշաբթի, 23 Հոկտեմբերի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
ԳԻՏԵԼԻՔԻ ԱՆԿՅՈՒՆ

ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԴՈԿՏՐԻՆԸ ԵՎ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԸ

12.10.2010

 

19-20-րդ դդ. սահմանագծին ԱՄՆ-ի արտաքին քաղաքական հայեցակարգը որակական լուրջ փոփոխություններ կրեց. կախված ժամանակի պահանջներից և ամերիկյան հնարավորությունների մակարդակից` վերամեկնաբանվեց և զարգացվեց "Մոնրոյի դոկտրինը": Այն է` եթե նախկինում նորաստեղծ պետության կայացման համար կարևոր էր Ամերիկյան մայրցամաքով սահմանափակվելու իրողությունը, ապա այժմայն հույժ խոցելի կողմերից էր: Ըստ այդմ` ամերիկյան անվտանգություննայլևս անբաժան էր դառնում մնացյալ մարդկության անվտանգությունից: Դա մասնավորապես արտահայտվեց նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնի (1913-1921 թթ.) հայեցակարգում` "ազգերի ինքնորոշման" ու "կոլեկտիվ անվտանգության" սկզբունքներով և "ամերիկյան ժողովրդավարության արտահանման" ("exporting democracy") քաղաքականությամբ:

Գիտախնդրի քննարկման դիտանկյունից ելակետային նշանակություն ունեն նախագահներ Ուիլյամ ՄըքՔինլիի (1897-1901 թթ.), Թեոդոր Ռուզվելտի(1901-1909 թթ.) և Ուիլյամ Հովարդ Տաֆտի (1909-1913 թթ.) հայեցակարգերը, որոնց անվան հետ են կապված ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության էական փոփոխությունները: Դեռ 1899 թ. նախագահ Ու. ՄըքՔինլիի վարչակազմում պետքարտուղար Ջոն Հեյը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի և Ճապոնիայի կառավարությունների ղեկավարներին ուղարկեց նոտաներ, որոնցում ամրագրված էր ամերիկյան կառավարության` Չինաստանում “բաց շուկա ամբողջ համաշխարհային առևտրի համար” պահպանելու և “միջազգային լարվածության վտանգավոր աղբյուրները վերացնելու” մասին ցանկությունը(“բաց դռների” դոկտրին): Ձևակերպվում է ԱՄՆ-ի բացահայտ հետաքրքրությունը Ասիայի նկատմամբ: Այս ձգտումը Թ. Ռուզվելտի մոտ արդեն ստանում է հետևյալ ձևակերպումը. “Մենք չենք կարող մնալ մեր սահմանների շրջանակներում և բացահայտորեն ճանաչել մեզ պարզապես որպես բարեհաջող վաճառականներ, որոնք չեն հետաքրքրվում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով”Արդեն 1904 թ. դեկտեմբերի 6-ին Կոնգրեսին հղած իր ուղերձում նա հանդես է գալիս “Մոնրոյի դոկտրինի” սեփական մեկնաբանությամբ, որը հայտնի է “Ռուզվելտի ուղղում(Roosevelt Corollary) անվամբ. “Չդադարող անօրինական գործողությունները կամ անզորության դրսևորումները, որոնք հասցնում են քաղաքակիրթ հասարակության կապերի ընդհանուր թուլացման` լինի դա Ամերիկայում կամ որևէ այլ վայրում, վերջին հաշվով պահանջում են որևէ քաղաքակիրթ ազգի միջամտությունը: Արևմտյան կիսագնդում “Մոնրոյի դոկտրինի” պահպանումը Միացյալ Նահանգների կողմից կարող է հարկադրել նրանց, գուցե և հակառակ նրանց կամքի, օրինականության այդպիսի խախտումների կամ անզորության դրսևորման աղաղակող դեպքերում, կատարելու միջազգային ոստիկանական տերության պարտականություններ: Ինչպես Վ. Լեֆեբրն է ընդգծում. “Մոնրոյի դոկտրինը վերակերպվեց Ռուզվելտի դոկտրինի, որն ամենևին էլ Մոնրոյի դոկտրինի սոսկ հերթական հավելումը չէր”: 1912 թ. նախագահ Ու. Հ. Տաֆտը շարադրեց ամերիկյան դիվանագիտության նոր ուղու իր պատկերացումները, որոնք հայտնի են` որպես “դոլարի դիվանագիտություն” : Այսու` ԱՄՆ-ը դիտարկվում է` իբրև հզորացող մի տերություն, որը սեփական ազգային շահերը պաշտպանելու նպատակով անհրաժեշտություն ունի` իր ազդեցությունը տարածելու աշխարհով մեկ: Այս ծավալապաշտական քաղաքականությունն արդարացվում էր ժողովրդավարությունը տարածելու և “աշխարհը փրկելու ամերիկացիների ի վերուստ կանխորոշված առաքելությամբ:

Ի հավելումն այս ամենի` Վ. Վիլսոնը Սպիտակ տուն է բերում նոր արտաքին քաղաքական կուրս, որն այդ ամենի համադրում-ամփոփումն էր` միջազգային հարաբերությունների կարգավորման իր նորարարական գաղափարները կառուցելով “Մոնրոյի դոկտրինի” սեփական մեկնաբանության վրա, որի էությունը “Մոնրոյի դոկտրինի” համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) մեջ էր: Համաձայն դրա` այդուհետ ԱՄՆ-ի շահերից էր բխում ոչ միայն Արևմտյան կիսագնդում, այլև ողջ աշխարհում կարգուկանոնի պահպանումը: Այսպիսով, Մոնրոյի դոկտրինը տիրապետության տարածաշրջանային սկզբունքից վերածվում է համաշխարհային սկզբունքի: Համաձայն Վիլսոնի դոկտրինի` ԱՄՆ-ը պետք է ստեղծեր ոչ թե նոր կայսրություն, այլ “գլոբալ ժողովրդավարություն”: Այլորեն ասած` աշխարհը պետք է ամերիկանիզացվեր` դարձվեր ամերիկակերպ: Ժողովրդավության “փարոսի” դերից ԱՄՆ-ի` ակտիվ գործողությունների անցնելու հայեցակարգը հետագայում բնորոշվեց “վիլսոնականություն” եզրով: Այն, ըստ էության, կարելի է դիտարկել երկու շրջափուլերով:

Առաջին շրջափուլին  բնորոշ էր “ժողովրդավարության պաշտպանությունը”, որն իրականացվում էր Լատինական Ամերիկայի թույլ հանրապետությունների շրջանում: Սկզբնապես նախագահ Վ. Վիլսոնը և պետքարտուղար Ուիլիամ Ջենինգս Բրայանը (1913-1915 թթ.) գտնում էին, որ ԱՄՆ-ի պարտականությունն է ժողովուրդների ազատությունն ու ժողովրդավարությունն ավելի շատ պաշտպանել, քան տարածել այն աշխարհով մեկ: Այս առումով ԱՄՆ-ի նոր նախագահն իրեն դրսևորեց` իբրև “Մոնրոյի դոկտրինի” հավատարիմ շարունակող: Իրականում, սակայն, այս մոտեցումը հեռահար ծրագրերի իրականացման համար նախապատրաստական փուլ էր: Ի մասնավորի` մի կողմից զարգացվում էր Լատինական Ամերիկայի երկրների հետ համագործակցության գաղափարը, մյուս կողմից` ամրագրվում, որ նման համագործակցությունը հնարավոր է “միայն այն դեպքում, երբ այն անխախտ կերպով ամրապնդվում է օրինական կառավարության կազմակերպված գործունեությամբ, որը հիմնված է օրենքի տառի, այլ ոչ թե ուժի կամայական կամ անօրինական գործադրման վրա”Ըստ այդմ` լատինաամերիկյան կառավարություններին նախազգուշացում էր արվում առ այն, որ “Միացյալ Նահանգների կառավարությունը ոչ մի պարագայում չի հանդուրժի այնպիսի գործողություններ կամ որոշումներ, որոնք հակասում են ԱՄՆ-ի ազգային շահերին”: Հարդյունս որի` ձևավորվում է <<Միսիոներականդիվանագիտությունը>>:

<<Միսիոներական դիվանագիտության>> հիմնավորմանն էր ուղղված Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում Հարավային առևտրային Կոնգրեսում Վ. Վիլսոնի ուղերձը (1913 թ., հոկտեմբեր 27): Նա կանխատեսում էր հարաբերությունների ջերմացում և սերտացում ԱՄՆ-ի և իր հարավային հարևանների միջև: Ասվում էր նաև, որ ԱՄՆ-ը ձգտում է “հոգևոր միասնության” Լատինական Ամերիկայի հետ: Պանամայի ջրանցքի վերաբերյալ, որը դեռ կառուցման փուլում էր, նշում էր. “Ես հավատում եմ, որ նոր բացվելիք ճանապարհով, մինչ մենք ֆիզիկապես մայրցամաքը կտրում ենք տարբեր մասերի, հոգեպես միավորում ենք դրանք”: Որպես եզրափակում` ընդգծում էր իր պարտավորությունը տարածաշրջանում“սահմանադրական կարգի” պահպանման համար և ավելացնում, որ “Միացյալ Նահանգներն էլ երբեք չեն ձգտի ոչ մի հավելյալ ոտնաչափ հողի նվաճման: Այս համատեքստում լատինամերիկյան տարածաշրջանի երկրների վստահությունը շահելու նպատակով նախագահ Վ. Վիլսոնը համոզեց Կոնգրեսին վերացնել Պանամայի ջրանցքի վերաբերյալ 1912 թ. օրենքը, որը ջրանցքից օգտվելիս հարկերից ազատում էր շատ ամերիկյան նավերի:  Կոլումբիայի հետ դեռևս 1903 թ. Պանամայի շուրջ առաջացած լարված հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների արդյունքում 1914 թ. ստորագրվեց պայմանագիր, որը ենթադրում էր, որպես փոխհատուցում, Կոլումբիային վճարել 25 մլն դոլար: Իսկ 1917 թ.Պուերտո Րիկոն ստացավ ամերիկյան տարածքի կարգավիճակ և նրաբնակիչները դարձան Միացյալ Նահանգների քաղաքացիներ:

Նման հայտարարությունները, սակայն, հռետորական բնույթ էին կրում և չէին խանգարում ռազմական գործողություններ իրականացնելուն: Այսպես, 1914 թ. ապրիլի 21-ին “սահմանադրական կարգի” պահպանման համար ԱՄՆ-ը ռազմական ինտերվենցիա սկսեց Մեքսիկայում. Վ. Վիլսոնն ընդունեց Արգենտինիայի, Բրազիլիայի և Չիլիի (“ABC”) առաջարկած միջնորդությունը` խնդրի լուծման համար: Մեկ ամիս անց ԱՄՆ-ի, Մեքսիկայի և “ABC”-ի ներկայացուցիչները հանդիպեցին Նիագարայի ջրվեժի կանադական կողմում: Ամերիկյան նախագահը չթույլատրեց իր պատվիրակներին քննարկել Վերակրուսից կամ Տամպիկոյից ամերիկյան զորքերի էվակուացիայի հարցը: Այսպիսով, բանակցությունները մտան փակուղի: Սակայն, խուսափելու համար որևէ մի մեքսիկական խմբավորման հետ ռազմական բախումից և գերմանական միջամտությունից, Վ. Վիլսոն 1914 թ. նոյեմբերի 23-ին հանեց բոլոր ամերիկյան զորքերը Վերակրուսից: Շուտով ԱՄՆ-ը, de facto ճանաչելով Կարրանզայի սահմանադրականների(Constitutionalist Party) կառավարությունը, քայլեր ձեռնարկեց` կանխելու գերմանա-մեքսիկական դաշինքը:

Արդեն 1915 թ. ամերիկյան ծովային հետևակը ափ իջավ Հայիթիում, որի արդյունքում հաստատվեց ամերիկյան պրոտեկտորատը երկրի նկատմամբ: 1916 թ. Դոմինիկյան Հանրապետությունում և Նիկարագուայում հաստատվեցին ԱՄՆ-ին ցանկալի վարչակարգեր: 1917 թ. ԱՄՆ-ը 25  մլն դոլարով Դանիայից գնեց Վիրջինյան կղզիները` կանխելով դրանց գերմանական նվաճումը: Բոլոր այս գործողությունները Վ. Վիլսոնն այսպես էր հիմնավորում. “Ամերիկայի կողմից ֆիզիկական ուժի գործադրման միակ արդարացումն այն է, որ նա այն գործադրում է` մարդկության շահերից ելնելով”:

            Նկատենք, որ այս գործողությունները ԱՄՆ-ն իրականացնում էր այն ժամանակ, երբ սկսվել էր Առաջին աշխարհամարտը: Կարծես նման իրավիճակը հնարավորություն էր տվել Վ. Վիլսոնին “Մոնրոյի դոկտրինի” մինիգլոբալիզացիոն փորձարկումների համար` հետագայում գլոբալ մակարդակով իրականացնելու նպատակադրմամբ: Պատերազմի առաջին իսկ օրերին Վ. Վիլսոնը հայտարարեց ԱՄՆ-ի չեզոքության մասին: Ինչպես Է. Իվանյանն է նկատում. “Չեզոքության քաղաքականությունն ընտրվել էր որպես ԱՄՆ-ի մոնոպոլիստական շրջանների շահերին առավել լրիվ համապատասխանող քաղաքականություն, շրջաններ, որոնք շահագրգռված էին “ձեռքերի ազատություն” ունենալ այնպիսի պայմաններում, երբ մյուս իմպերիալիստական տերությունները ներգրավվել էին մեկը մյուսի դեմ մղվող կատաղի պայքարի մեջ և զրկված էին արտասահմանում ամերիկյան կապիտալի քաղաքական և տնտեսական հետագա էքսպանսիային խանգարելու հնարավորություններից”: Սակայն “չեզոքության” քաղաքականությունը ժամանակավոր բնույթ էր կրում և շուտով պետք է փոխարինվեր ակտիվ միջամտության քաղաքականությամբ: Դա ավելի հստակ դարձավ 1915 թ., երբ նոր պետքարտուղար նշանակվեց Ռոբերտ Լենսինգը(1915-1920 թթ.): Նա, ի տարբերություն իր նախորդ Ու. Բրայանի, կողմ էր դաշնակիցների ռազմական պատվերների պետական վարկավորմանը:

Այլևս պարզ էր, որ Եվրոպական մայրցամաքում ստեղծված իրադրությունը լուրջ վտանգ էր պարունակում` ուժերի հավասարակշռության պահպանման համար: ԱՄՆ-ի մասնակցությունը եվրոպական պատերազմին դառնում էր անխուսափելի: Սկսվում է Վ. Վիլսոնի դոկտրինի երկրորդ շրջափուլը:Նախապես նա մեկնարկում է 1916 թ. իր կողմից հռչակված “հաշտություն առանց հաղթանակի” դրույթից: Այսու` “խիստ չեզոքությունը” փոխարինվում է “օրինականության խիստ պահպանմամբ”: Առաջին պլան էր մղվում ԱՄՆ-ի մասնակցությունը “աշխարհի կարգուկանոնի հաստատմանը”:

            1917 թ. ապրիլի 2-ին նախագահ Վ. Վիլսոնը ուղերձով դիմեց ԱՄՆ-ի Կոնգրեսին առաջարկելով պատերազմ հայտարարել Գերմանիային: Ուղերձում ասվում էր. “Չեզոքությունն արդեն անհնարին է և անցանկալի, երբ խոսքը ամբողջ աշխարհի խաղաղության և նրա ժողովուրդների ազատության մասին է... Աշխարհը պետք է անվտանգ դառնա ժողովրդավարության համար, այն պետք է կայանա քաղաքական ազատության հիմքի վրա.... Սարսափելի  բան է ներքաշել մեր մեծ խաղաղ ժողովրդին պատերազմի մեջ, բոլոր պատերազմներից ամենաահավորի և ամենամահաբերի, պատերազմի, որի ելքից կախված է քաղաքակրթության ճակատագիրը: Բայց արդարությունն ավելի թանկ է, քան խաղաղությունը, և մենք կպայքարենք նրա համար, ինչը միշտ մոտ է եղել մեր սրտերին` ժողովրդավարության համար, մարդու իրավունքների համար, փոքր ազգերի իրավունքների և ազատության համար....”Այսու` ԱՄՆ-ը համաշխարհային առաջնորդության բարոյական մանդատ ուներ: Վ. Վիլսոնը նաև ասում էր. “Որպես գործընկերների... մենք պետք է նախընտրենք նրանց, ովքեր գործում են հանուն խաղաղության և պատվի շահերի, ովքեր պաշտպանում են մասնավոր իրավունքները և հարգում սահմանադրական կարգը”: 1917 թ. ապրիլի 6-ին Կոնգրեսը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեց Վ. Վիլսոնի “պատերազմ հանուն խաղաղության” առաջարկին: Այժմ արդեն “մոռացված” էին Ջ. Վաշինգտոնի զգուշացումները և Ջ. Մոնրոյի պարտավորեցումները եվրոպական գործերից հեռու մնալու մասին: Վ. Վիլսոնը պնդում էր, որ ԱՄՆ-ն իրավունք չունի` պահելու իր արժեքները միայն իր համար:

ԱՄՆ-ի մուտքը Առաջին աշխարհամարտ (1917 թ. ապրիլի 6) տեխնիկապես հնարավոր դարձրեց համընդհանուր հաղթանակը: Այս քայլով Վ. Վիլսոնը փորձում էր ոչ միայն շտկել, այլև վերաձևել հին մինչպատերազմական աշխարհակարգը, որի համապատկերում անդրօվկիանոսային տերությանը տրված էր լոկ երկրորդական դերակատարում: Ըստ այդմ, Վիլսոնի նոր աշխարհակարգում ուժերի հավասարակշռության հնացած սկզբունքն իր տեղը պետք է զիջեր նոր` ուժերի միավորման սկզբունքին: Վիլսոնը հայտարարում էր, որ այլևս միջազգային հարաբերությունների համակարգը պետք է կառուցվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիմման վրա, որի անվտանգությունը պետք է կախված լինի ոչ թե ռազմական դաշինքներից, այլ կոլլեկտիվ գործողություններից: Հատկանշական է, որ, ներգրավվելով Առաջին աշխարհամարտին, ԱՄՆ-ը չմիացավ Անտանտի երկրներին, այլ իրեն հռչակեց նրա միայն ասոցիատիվ անդամ, որի շնորհիվ նա իրավաբանորեն ազատ էր մնում միջդաշնակցային փոխադարձ պարտականություններից:

            1918 թ. հունվարի 8-ին Կոնգրեսին ուղված իր ուղերձում Վ. Վիլսոնը հանդես է գալիս “Պատերազմի նպատակները և հաշտության պայմանները” ծրագրով: 14 սկզբունքներից բաղկացած այս “խաղաղության ծրագիրը”, որն առավել հայտնի դարձավ` որպես “Վիլսոնի 14 կետեր”, իր պարզությամբ և մեծահոգությամբ գրավեց եվրոպական հասարակական կարծիքի աջակցությունը: Այստեղ նոր աշխարհակարգի կառուցման համապատկերում ժողովրդավարության անվտանգությունն ապահովելու համար Վ. Վիլսոնը առաջադրում էր “կոլեկտիվ անվտանգության”սկզբունքը: Դրա իրականացմանն էլ պետք է միտված լիներ “Ազգերի Լիգա” համաշխարհային կազմակերպության գործունեությունը: Ըստ էության Վ. Վիլսոնի գաղափարները պետք է վերածվեին ինստիտուտների` համարժեք համաշխարհային կառավարության, որին ամերիկյան ժողովուրդը, հասարակական և քաղաքական միտքը դեռևս պատրաստ չէր, ինչպես և պատրաստ չէր գլոբալ ոստիկանի պարտավորություններ ստանձնելուն:

1918 թ. դեկտեմբերին նախագահ Վիլսոնը, “խախտելով” Սպիտակ տան հիմնական “պատվիրաններից” մեկը, այն է` դուրս չգալ Արևմտյան կիսագնդից, ուղևորվեց Եվրոպա` մասնակցելու Փարիզի խաղաղության կոնֆերանսին: Նախագահի վստահությունը ԱՄՆ-ում իր ունեցած ժողովրդականության և անսխալականության, ինչպես նաև իր քարոզած գաղափարների համակողմանիության նկատմամբ այնքան մեծ էր, որ նա նույնիսկ հարկ չհամարեց` նախապես ապահովելու ամերիկյան Կոնգրեսի 2 պալատների հանրապետական մեծամասնության պաշտպանությունը իր “խաղաղության ծրագրի” համար: Արդեն գտնվելով Եվրոպայում` Վ. Վիլսոնը, ի նկատի ունենալով իր “14 կետերը”, հայտարարում էր. Որո՞նք են այն պատճառները, որ Հիսուս Քրիստոսին մինչև օրս չի հաջողվել համոզել աշխարհին` իր գործերում հետևելու նրա ուսմունքին: Դրա պատճառներն այն են, որ Նա քարոզել է մի իդեալ` առանց ստեղծելու որևէ պրակտիկ միջոց դրան հասնելու համար: Ուստի և ես առաջարկում եմ Նրա նպատակների իրականացման գործնական պլան”:

Փարիզի խաղաղության կոնֆերանսում ներկայացված չէին ո’չ պարտված պետությունները, և ո’չ էլ Խորհրդային Ռուսաստանը: Կոնֆերանսում հետպատերազմյան աշխարհակարգի կառուցման խնդրում հիմնական դերը կատարում էր “Մեծ քառյակը”` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը, Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոն   և   Իտալիայի  վարչապետ  Վիտտորիո  Օրլանդոն:        

1919 թ. հունիսի 28-ին Վերսալի պալատի Հայելազարդ դահլիճում մի կողմից ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի և այլ դաշնակից պետությունների, մյուս կողմից` Գերմանիայի միջև ստորագրվեց հաշտության պայմանգիրը, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին աշխարհամարտը (1914-1918 թթ.): Վերսալի պայմանագրի բաղկացուցիչ մասն էր կազմում Ազգերի Լիգայի ստեղծման մասին կոնվենցիան: Պայմանգիրն ուժի մեջ մտավ 1920 թ. հունվարի 10-ին` Գերմանիայի կողմից վավերացվելուց հետո: Սակայն, արդյունքում այնպես ստացվեց, որ աշխարհը, որ կարծես թե պատրաստվում էր վերջ տալ բոլոր պատերազմներին, հաշվի չէր առնում Եվրոպայի երկու հզորագույն երկրներին` Գերմանիային և Ռուսաստանին, որոնց բաժին էր ընկնում Եվրոպայի բնակչության կեսից ավելին և ամենամեծ ռազմական ներուժը: Եվ, արդեն, միայն այս հանգամանքը ի չիք էր  դարձնում  փարիզյան կարգավորումները…

Վեցամսյա բանակցություններից հետո վերադառնալով Փարիզից` Նախագահ Վիլսոնը հանդիպեց Կոնգրեսսի երկու պալատների արտաքին   հարաբերությունների խորհուրդների ղեկավարների հետ, բայց Նրա փորձերը համոզելու քաղաքական հակառակորդներին Ազգերի լիգա հիմնելու անհրաժեշտության վերաբերյալ անհաջող էին: Հանգելով այն հետևությանը, որ Վերսալի հաշտության պայմանագրի և նրա բաղկացուցիչ մաս կազմող Ազգերի լիգա հիմնելու վերաբերյալ կոնվենցիայի վավերացման հետևանքով Միացյալ Նահանգները կկորցնեն վճռական ձայնի իրավունքը նրանց համար կենսականորեն կարևոր միջազգային խնդիրները լուծելու ժամանակ, ԱՄՆ-ի Սենատը չվավերացրեց պայմանագիրը և դրանով իսկ զրոյի հավասարեցրեց Վ. Վիլսոնի վերջին մի քանի տարվա խաղաղասիրական գործունեությունը:

Իզոլիացիոնիստական միտումները դեռևս ուժեղ էին: Միացյալ Նահանգները երբեք չմիացան այդ միջազգային կազմակերպությանը, որի ստեղծման համար այնքան ջանք էր գործադրել իրենց նախագահը` պատկերացնելով այն իբրև նոր աշխարհակարգի հիմքը: Վ. Վիլսոնի “տասնչորս կետեր”-ից բաղկացած ծրագիրը, թեև ամբողջությամբ չիրականացավ, բայց և այնպես, միջազգային հարաբերություններում հեղափոխական նշանակություն ունեցավ: Այստեղ Նոր աշխարհակարգի կառուցման ամերիկյան չափորոշիչներ էին հանդիսանում <<ժողովրդավարությունը>>, <<կոլեկտիվ անվտանգությունը>> և <<ազգերի ինքնորոշումը>>նախկինում այս սկզբունքներից և ոչ մեկը ընկած չէր եվրոպական միջազգային հարաբերությունների  կարգավորման հիմքում:       

Ամփոփենք: Ամերիկյան հանրահայտ իմաստությունն ասում է`“ժողովրդավարական երկրները իրար դեմ պատերազմներ չեն վարում”: Ըստ այդմ` Երկրագնդի վրա խաղաղությունը կախված է նրանում ժողովրդավարության տարածման աստիճանից: Քարոզելով “աշխարհը պետք է անվտանգ դառնա ժողովրդավարության համար” իր հիմնադրույթը, Վիլսոնը գտնում էր, որ Միացյալ Նահանգները ստիպված են ուժ գործադրել և ոչ դեմոկրատական մեթոդներով ոչ դեմոկրատական երկրներում կառուցել դեմոկրատիա:

Ամերիկյան արտաքին քաղաքականության այսպիսի կերպափոխությունը մի կողմից` հետևանք էր երկրի ներքին հզորության աճի, ինչպես նաև բարեշրջության, մյուս կողմից` միջազգային քաղաքական համակարգի և եղած աշխարհակարգի աստիճանական քայքայման, որոնց հետևանքով աշխարհի ծայրամաս հանդիսացող Ամերիկյան մայրցամաքը դուրս եկավ միջազգային հարաբերությունների կենտրոն:

Աշխարհաքաղաքական տեսանկյունից յուրաքանչյուր պետության, մասնավորապես ԱՄՆ-ի, առաջնակարգ պարտականությունը ինքնապահպանությունն է: Պետությունները ձգտում են վերահսկել բոլոր այն ստրատեգիական կետերը, որոնք հակառակորդ կամ այլ պետություններ կարող են օգտագործել իրենց դեմ: Ցանկացած ազգ և պետություն իր ինչպես տարածքային, տնտեսական, այնպես էլ մշակությաին ու քաղաքակրթական մեծության չափին համապատասխան կարիք ունի ինքնաապահովագրման: Աստիճանաբար ԱՄՆ-ին առավել քան որևէ այլ պետության անհրաժեշտ էր դառնում ինքնաապահովագրումը` միջազգային ոստիկանական պարտականություններ կատարելով և ժողովրդավարության սեփական մոդելի արտահանությամբ: Վուդրո Վիլսոնի եռանդուն գործունեության արդյունքում, ով հանդիսանում է “ժողովրդավարության արտահանման” քաղաքականության կնքահայրը, Ամերիկյան պատմությունը սկսում է ավելի ու ավելի սերտաճել մարդկության պատմությանը:


Киссинджер Г., Дипломатия, 1997, с. 36.

"Доктрина "открытых дверей"URL://http://www.grinchevskiy.ru/19/doktrina-otkrytyh-dverey.php(23.11.2009.).

Hill H. C., Roossevelt and The Carribean, Chicago, 1927, p. 1.

"Поправка Т. Рузвельта к доктрине Монро" URL://http://www.grinchevskiy.ru/1900-1945/popravka-ruzvelta.php(07.12.2009).

LaFeber W., The Evolution of the Monroe Doctrine from Monroe to Reagan in Redifining the Past. Eassays in honor of Wiliam Appleman Williams (Oregon State University Press, Covvaless, Oregon, 1986), p. 123.

Тафт О. А., URL://http://www.grinchevskiy.ru/1900-1945/diplomatiya-dollara.php (23.11.2009.)

Шлезингер А., Циклы Американской Истории,  1992, с. 79.

Rodrigue Tremblay; "Woodrow Wilson and the Fight for Democracy against Imperialism" URL:// http://www.thenewamericanempire.com/tremblay=1009 (26.02.2010).

Lewis A. R., The American culture of war; Taylor & Francis Group; New York, 2007, p. 406.

"Woodrow Wilson's Foreign Affairs", URL:/http://millercenter.org/academic/americanpresident/wilson/foreign_affairs(19.08.2009).

Henry L. L., Presidential Transitions. The Brookings Institution, Washington D. C., 1960, p. 275.

Իվանյան Է. Ա., Սպիտակ տուն. պրեզիդենտներ և քաղաքականություն, Երևան, 1979, էջ 103:

DeConde A., Encyclopedia of American Foreign Policy, Second Edition, V. 3, NewYork, 2002, p. 629

"Woodrow Wilson's Early Foreign Policy: 1913-1917",URL://http://www.sparknotes.com/biography/wilson/section7.rhtml; (25.09.2009).

[15]DeConde A., op. cit., p. 633. Սակայն պայմանագիրը Կոնգրեսի կողմից վավերացվեց միայն 1921 թ., երբ Վիլսոնն արդեն նախագահ չէր:

Paterson Th. G., American Foreign Policy; third edition; Toronto, 1991, p. 234

Remini R. V., A Short History of the United States; HarperCollins e-books, New York, 2008, p. 193.

Padover S. K., Wilson's Ideals, American Council on Public Affaire, Washington, D. C., 1942, p. 7.

Իվանյան Է.; էջ 99-100:

Киссинджер Г., с. 38.

Вильсон Т. В., Послание Комгрессу США об обЪявлении войны Германии, URL:// http://www.grinchevskiy.ru/1900-1945/war-message.php (10.12.2009).

DeConde A., op. cit., p. 627.

Paterson Th. G., op. cit., p. 273.

Шлезингер А., с. 82.

"Системная история международных отношрний", т. I,Собûтия 1918-1945 годов, Ìîñêâà, 2009, с. 35.

President Woodrow Wilson's Fourteen Points, URL://http://avalon.law.yale.edu/20th_century/wilson14.asp (26.02.2010).

Ремонд Р., История Соединенных Штатов Америки, Москва, 2006, с. 137.

"Системная история международных отношений", с. 36.

фон Крейтор Н.; От доктрыны Монро до Нового мирового порядка, URL:// http://www.angelfire.com/ne/komentar/ru/ru33.html(21.10.2010).

Г. Киссинджер, указ. соч., с. 205

 

Տիգրան Եփրեմյան

ԵՊՀ պատմության ֆակուլտետ, ՀԺԱՄ կուսակցություն

 


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6