ԽՈՍՏՈՒՄՆԵՐ
Հայտարարություններ |
ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՀՈԳԵՎՈՐ ԿԵՑՈՒԹՅՈՒՆ

(ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ` 30.09.14թ. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ)
Իմ հայտարարությունը վերաբերում է հոգևոր-բարոյախոսական ոլորտին և որևէ քաղաքական ենթատեքստ չունի:
Արագ փոփոխվող աշխարհը նոր մարտահրավերներ է առաջադրում նաև Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին: Եթե մենք չկարողանանք դիմակայել այդ մարտահրավերներին, որոնք հաճախ ունեն հոգևոր և գաղափարական բնույթ, ապա, ուշ թե շուտ, սխալներն ու բացթողումները իրենց անդառնալի հետևանքները կթողնեն մեր հասարակության վրա: Համաշխարհային վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ոչ ոք ապահովագրված չէ և արագորեն կարող է կորցնել ամեն ինչ: Հասարակության յուրաքանչյուր անդամ, ով էլ նա լինի, պետք է գիտակցի, որ ինքն իր արարքներով պատասխանատվություն է կրում Աստծո և հասարակության առաջ: Եվ ի վերջո պատասխան է տալու դրա համար: Սուրբ Գրքում զգուշացվում է, որ անիրավ մարդու ժառանգները կպատժվեն մինչև երրորդ, չորրորդ սերունդ, եթե շարունակեն նույն ընթացքը: (Ելք 20.1-5, 34.7, Թվեր 14.18, Երկրորդ Օրենք 5.9): Շատ կարևոր է, որ մենք, որպես քրիստոնյա ժողովուրդ, կարողանանք մշտապես արժանանալ Աստծո օրհնությանը և աջակցությանը, հակառակ դեպքում հասարակության մեջ գնալով մեծանալու է դժգոհությունը, անվստահությունը, տրտունջը և, ի վերջո, այն բռնելու է քայքայման և կործանման ուղի: Լինելով քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին ժողովուրդը` թե անհատական, թե հասարակական կյանքում դեռևս չենք կարողացել հաղթահարել եսակենտրոնությունը, որից ծնվում են բազմաթիվ մեղքեր` ագահություն, ընչաքաղցություն, կաշառակերություն: Որոնք էլ վնասում են հասարակության բարոյական հիմքերը և նրան մղում թշվառության:
Այսօր մեզանում գերիշխում է նյութական ունեցվածքի կուտակման մոլուցքը, դրան հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չդնելը: Այդ իսկ պատճառով արժեզրկված են գաղափարախոսություններն ու հոգևոր կեցությունը: Ցավալի է, սակայն մեզ դեռևս չի սթափեցնում 5-րդ դարում գրված Մովես Խորենացու “Ողբը”, որտեղ պատմիչը նկարագրում է անկում ապրած հայ հասարակության վիճակը, որի արդյունքը եղավ ազգային պետության կորուստը: Մենք այլ ելք չունենք, քան ապրել որպես իրական քրիստոնյա, որովհետև քրիստոնեական բարոյական նորմերն են, որ երաշխավորում են ազգի լուսավոր ապագայի հեռանկարը և երկիրը դարձնում հզոր, իսկ հասարակությանը` իմաստուն: Մեզանից շատերը դեռևս այս ամենին լուրջ չեն վերաբերվում, սակայն մարտահրավերները մեզ ի վերջո ստիպելու են ընտրություն կատարել` կամ լինել հոգևոր արժեքներ կրող գաղափարական հասարակություն` իր ապագայի տեսլականով, և ունենալ հզոր պետություն, կամ լինել սպառողական հոգեբանությամբ և դրամ կուտակելու մոլուցքով լցված հասարակություն և հաշտվել մշուշոտ ապագայով կախյալ երկիր ունենալու հետ:
Արդ, ևս մեկ անգամ անդրադառնանք մեր ներքին կյանքի արժեհամակարգին ու ապրենք իրապես այն կոչումով, որն ի վերուստ մեզ տրված է, և որը կօգնի մեզ հարատևել աստվածային օրհնության և զորության մեջ: